Արմեն Թավադյանը Վարդգես Գասպարիի հետ միջադեպի գործով մեղավոր է ճանաչվել | pastinfo.am

pastinfo.am «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանն ազատվել է քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով։

Արմեն Թավադյանը, հիշեցնենք,  ավելի քան վեց տարի քրեական հետապնդման է ենթարկվել՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարության ժամանակ «Ավան» նստավայրի առաջին հարկում տեղի ունեցած միջադեպի ժամանակ Վարդգես Գասպարիին ջրի պլաստմասե շշով իբրև հարվածելու համար։ Ընդ որում, պլաստմասե ջրի շիշը նախաքննական մարմինը որակել էր որպես «զենքի» գործադրում։ Դեպքը տեղի է ունեցել   2019թ․ մայիսի 13-ին։ Ավելի ուշ հարուցվեց մեկ այլ քրեական գործ ևս․ իրավապահները մեղադրում էին Թավադյանին «Մարտի 1»-ի գործով տուժողներին իբրև կաշառելու մեջ։ Այս գործով Թավադյանն ավելի քան երկու ամիս կալանավորված է եղել, ապա՝ ազատ արձակվել՝ վերաքննիչ դատարանի որոշմամբ։

Այս երկու քրեական գործերը դատարանում միացվել են մեկ վարույթում և քննվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ։ Հետագայում ենթադրյալ կաշառքի դրվագով, որով Թավադյանից բացի անցնում էր ևս մեկ անձ՝ Վարուժան Մկրտչյանը, որը նախաքննության փուլում Թավադյանի դեմ ցուցմունք տալուց հետո ազատ էր արձակվել, կարճվել է՝ օրենսդրական փոփոխություններից հետո։

«Փաստինֆո»-ն տեղեկացավ, որ մոտ մեկ ամիս առաջ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, Վարդգես Գասպարիին իբրև հարվածելու  դրվագով հրապարակել է դատավճիռը՝ վերաորակելով և մեղադրանքից «հեռացնելով» զենքի գործադրման մասը՝   մեղավոր է ճանաչել Թավադյանին և վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով ազատել պատասխանատվությունից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև