Լեհաստանում կառավարական շենքերի վրա ԱԹՍ են որսացել․ Բելառուսի երկու քաղաքացի է ձերբակալվել | factor.am

factor.am  Լեհաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը երկուշաբթի Վարշավայում կառավարական շենքերի և Բելվեդերի պալատի (Լեհաստանի նախագահի նստավայր) վրա թռչող անօդաչու թռչող սարք է որսացել։ Այս մասին հայտնել է երկրի վարչապետ Դոնալդ Տուսկը։ Նա ասել է, որ միջադեպի կապակցությամբ Բելառուսի երկու քաղաքացի է ձերբակալվել, գրում է Current time-ը։

«Պետական ​​անվտանգության ծառայությունը չեզոքացրել է անօդաչու թռչող սարքը։ Ոստիկանությունը հետաքննում է միջադեպի հանգամանքները»,- ասել է Տուսկը՝ այլ մանրամասներ չհայտնելով։

Վերջին շաբաթներին Լեհաստանի և Բելառուսի հարաբերությունները կտրուկ վատթարացել են։ Անցյալ շաբաթ Լեհաստանն ամբողջությամբ փակել է Բելառուսի հետ սահմանը՝ Մոսկվայի և Մինսկի կողմից Բելառուսում անցկացվող համատեղ զորավարժությունների պատճառով, որոնց մասնակցում են հազարավոր զինվորականներ։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Լեհաստանի կողմից սահմանի փակումը գնահատել է որպես «անբարյացակամ» քայլ։

«Մեր նկատմամբ Արևմուտքի անբարյացակամությունը վերածվում է բացահայտ ագրեսիվ քաղաքականության»,- ասել է նա։

«Սահմանային անցակետերը կբացվեն միայն այն ժամանակ, երբ մենք 100 տոկոսով վստահ կլինենք, որ իրավիճակը բելառուսական կողմում սպառնալիք չի ներկայացնում Լեհաստանի և նրա քաղաքացիների համար»,- իր հերթին հայտարարել է Լեհաստանի ՆԳՆ ղեկավար Մարչին Կերվինսկին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև