civilnet.am Հայաստանի պետական սահմանահատման կնիքի վրայից Արարատ լեռան պատկերը հանելու որոշումը կապ չունի Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հայաստանյան այցի հետ։ Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։
«Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում չի եղել գեթ մեկ դեպք, որ Արարատ լեռան հետ կապված որևէ հարց բարձրացվի կամ որևէ քննարկում լինի»,- ասաց Ռուբինյանը։
Կառավարության որոշմամբ նոյեմբերի 1-ից ՀՀ պետական սահմանահատման կնիքի վրա այլևս չի լինի Արարատ լեռան պատկերը։
Հարցին՝ Հայաստանի սահմանը հատելիս արդյոք Սերդար Քըլըչի անձնագրում Արարատ լեռան ուրվապատկերով դրոշմակնիք դրվե՞լ է, Ռուբինյանը պատասխանեց, որ տեղյակ չէ։
«Դրվել է, թե ոչ՝ ես չեմ հետաքրքրվել, բայց եթե դրված լինի՝ Արարատի պատկերով պետք է դրված լինի, որովհետև նոյեմբերի 1-ից է կնիքը փոխվում»,- ասաց Ռուբինյանը։
Սեպտեմբերի 12-ին Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը Մարգարա անցակետով ժամանեց Հայաստան։
Նրա խոսքով՝ Արարատի ուրվագիծը հայկական կնիքներում միշտ չէ, որ եղել է, և այն ի հայտ է եկել միայն 2000-ականների կեսերից։
«Օրինակ, 1999-ի դրությամբ, երբ որ մարդիկ հատում էին Իրանի կողմից Հայաստանի սահմանը, իրենց անձնագրում գիտե՞ք ինչ դրոշմակնիք էր դրվում՝ КПП РОССИЯ, ռուսերենով։ Այսինքն մարդիկ մուտք էին գործում Հայաստան, Հայաստանի սահմանին ռուսական ФСБ-ի սահմանապահը դրոշմակնիք էր դնում КПП РОССИЯ, ու Արարատի ուրվագիծ չկար։ 2004-ի դրությամբ, օրինակ, երբ որ մարդիկ վայրէջք էին կատարում Զվարթնոց օդանավակայան, կրկին ռուս սահմանապահը իրենց անձնագրի մեջ դնում էր դրոշմակնիք ռուսերենով КПП АРМЕНИЯ, ЕРЕВАН։ Եվ էլի Արարատի ուրվագիծ չկար։ Հետո 2000-ականների կեսից Արարատի ուրվագիծը հայտնվել է, հետո դարձել է հայերեն»,- ասաց Ռուբինյանը։