Երևանի համար 45 նոր տրոլեյբուս և 104 վերելակ ձեռք կբերվի. տրոլեյբուսները գծի մեջ կմտնեն 2026-ի առաջին եռամսյակում | 1lurer.am

1lurer.am  Առաջարկվում է ՀՀ պետական բյուջեի մասին օրենքում վերաբաշխում և փոփոխություն կատարել, որով նախատեսվում է 45 նոր տրոլեյբուս և 104 վերելակ ձեռք բերել: Տրոլեյբուսները կփոխարինեն արդեն 18 տարի օգտագործվող 30 տրոլեյբույսներին: Առաջարկվում է 45 տրոլեյբուսի համար որպես կանխավճար վճարել 30 տոկոսը: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ սեպտեմբերի 18-ի նիստին ներկայացրեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև հետաքրքրվեց՝ մրցույթն ավարտվել է, և եկել է առաջին վճարումն անելո՞ւ պահը, ապա, դիմելով Ավինյանին, հարցրեց՝ ե՞րբ են տրոլեյբուսները հասնելու Հայաստան:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նախ հաստատեց՝ մրցույթը կայացել է, արդեն իսկ գնված 30 տրոլեյբուս կա, և 45 նոր տրոլեյբուսներով, որոնք Կառավարության աջակցությամբ կգնվեն, տրոլեյբուսային պարկը ամբողջությամբ կթարմացվի:

«Այլևս մենք չենք ունենալու քաղաքում հին տրոլեյբուսներ»,- հայտարարեց Ավինյանը՝ հավելելով, որ ֆինանսական միջոցների հատկացումից հետո ակնկալվում է, որ 2026 թվականի առաջին եռամսյակում բոլոր 45 տրոլեյբուսները կլինեն Երևանում և կլինեն նոր գծերի մեջ:

«Այս գնումով Երևան քաղաքի տրոլեյբուսային պարկն ամբողջապես իր կազմը փոխում է նոր տրոլեյբուսներով»,- ասաց նա՝ շնորհակալություն հայտնելով վարչապետին, քանի որ սա Փաշինյանի նախաձեռնությունն է:

Ինչ վերաբերում է վերելակներին, մինչև այս տարվա վերջ 507 վերելակ է փոխվելու Երևանում: «Եվս 3 տարի այս նույն տեմպը պահպանելով, երրորդ տարում մի փոքր ավելի գնում անելով՝ Երևան քաղաքում վերելակային ֆոնդը կրկին վերազինում ենք, և հին վերելակային ֆոնդից նշույլ անգամ չի մնա»,- ասաց նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև