civilnet.am Կառավարությունն ավելի քան 7 մլրդ դրամի ներդրումային ծրագիր է հաստատել, որի շրջանակում Վաղարշապատում կկառուցվեն նոր մարզադաշտ և ֆուտբոլային ակադեմիա։ Ծրագիրը ներկայացրել է «Իմեջին Երևան» ՍՊԸ-ն, որի հիմնադիրը «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահն է:
Ծրագրի իրականացման նպատակով ընկերությունը համայնքից ուղղակի վաճառքի միջոցով ձեռք կբերի շուրջ 24 հեկտար հողատարածք։ Գործարքից համայնքային բյուջե կմտնի 688 մլն դրամ։
Նախագիծը նախատեսում է կառուցել միջազգային չափանիշներին համապատասխան մարզադաշտ, մանկապատանեկան ֆուտբոլային ակադեմիայի նոր շենք, սպորտային բազա, ինչպես նաև անհրաժեշտ օժանդակ ենթակառուցվածքներ՝ սննդի, ժամանցի և կայանման գոտիներով։
«Նոա» ֆուտբոլային ակումբը հանդես է գալիս Հայաստանի Բարձրագույն խմբում և վերջին տարիներին ակտիվորեն ներգրավված է եղել ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացման նախաձեռնություններում։ 2023-ին ակումբի նախագահը ձեռք է բերել Վաղարշապատի ֆուտբոլային ակադեմիայի տարածքը՝ ներդրումային ծրագրի նախապատրաստական փուլի շրջանակում։
Շինարարական աշխատանքներին կմասնակցեն միջազգային փորձ ունեցող նախագծային և ճարտարապետական ընկերություններ, այդ թվում՝ Populous (Մեծ Բրիտանիա), GMP (Գերմանիա), Herzog & de Meuron (Շվեյցարիա), STRI Group և Aspire Sports Turf։
Կառավարությունը ծրագրին հավանություն է տվել՝ այն դիտարկելով որպես տնտեսական, սոցիալական և մարզական ենթակառուցվածքների զարգացման խթան։ Նախագծի շրջանակում նախատեսվում է ստեղծել առնվազն 100 նոր աշխատատեղ, իսկ ծրագրի ավարտից հետո՝ շարունակական զբաղվածություն ակադեմիայի, մարզադաշտի և «Նոա» ակումբի գործունեության սպասարկման շրջանակում։
Լուսանկարը գեներացված է արհեստական բանականության միջոցով/Սիսակ Գաբրիելյանի