azatutyun.am Հակակոռուպցիոն կոմիտեն կարճել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դեմ 2022 թվականի նվիրատվությունների թեմայով նախաձեռնած քրեական վարույթը, որ հարուցվել էր կուսակցության օգտին խոշոր չափերով ապօրինի նվիրատվություն ներգրավելու հատկանիշներով։
Նվիրատվությունների այս սկանդալն անցած տարի բացահայտեց Կազմակերպված հանցավորության ու կոռուպցիայի լուսաբանման նախագիծը՝ OCCRP-ն, «Սիվիլնեթ»-ի հետ միասին։ Ըստ հրապարակման՝ տասնյակ անձինք, որ տարբեր համայնքներում ՔՊ թեկնածուներ էին, խոշոր նվիրատվություններ էին փոխանցել իշխող կուսակցությանը, ընդ որում՝ 10 առանձին քաղաքներում ավագանու առնվազն 10 թեկնածու նույն օրը փոխանցել էր ճիշտ նույնքան գումար։ Հետաքննող լրագրողները խոսել էին ավելի քան երեք տասնյակ նվիրատուների հետ, կեսն ասել էին՝ չեն հիշում, որ գումար փոխանցած լինեն «Քաղաքացիական պայմանագրին»։
Կային նաև դեպքեր, երբ իշխող կուսակցությանը նվիրաբերվել էր օրենքով թույլատրվածից ավելի մեծ գումար։ Նվիրատուներից մեկը, ով, ըստ պաշտոնական փաստաթղթերի, 2022-ին 3 մլն դրամ էր փոխանցել «Քաղաքացիական պայմանագրին», ավելի ուշ լրագրողներին ասել էր՝ այդքան գումար ոչ ունեցել է, ոչ էլ փոխանցել։
Լրագրողներից բացի, նաև անկախ աուդիտն էր այդ տարի բացասական գնահատական տվել ՔՊ-ին՝ մատնանշելով, որ եղել են մի շարք խնդիրներ փոխանցումների ու կանխիկացումների հետ։ Մամուլի հրապարակումներից ու աուդիտորական եզրակացությունից հետո Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դիմել էր դատախազություն, նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ապօրինի նվիրատվություններ ներգրավելու հիմքով։ Հակակոռուպցիոնից «Ազատությանը» հայտնել են, որ ամիսներ տևած քննությունից հետո՝ անցած նոյեմբերին, կոմիտեն որոշել է որևէ մեկի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցել, միաժամանակ արձանագրել է՝ «սպառվել են վարույթը շարունակելու բոլոր հնարավորությունները»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում