Արդարադատության նախարարի տեղակալներ Աննա Կարապետյանը և Գևորգ Քոչարյանը միջազգային գործընկերների հետ քննարկել են քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներին առնչվող մի շարք կարևոր հարցեր, այդ թվում՝ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում իրականացվող բարեփոխումներն ու առկա կարիքները, ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) կողմից իրականացված գնահատման արդյունքներով մշակված նոր ծրագիրը, համակարգային բարեփոխումներին աջակցելու ՄԱԿ-ի պատրաստակամությունը և արդեն իսկ գրանցած արդյունքները, քրեական արդարադատության ոլորտի օրենսդրության ամբողջական վերանայումը, քրեակատարողական հիմնարկներում պահման պայմանների և վերասոցիալականացման միջոցառումների բարելավումը, ինչպես նաև այլընտրանքային պատժամիջոցների ու խափանման միջոցների ներդրումն ու կիրառումը և այլն։ Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատել ծրագրով հետաքրքրված գործընկերների հետ՝ հետագա քայլերը նախանշելու ուղղությամբ:
Դիվանագիտական անձնակազմի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները նաև այցելել են ԱՆ «Նուբարաշեն» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներ։