Արման Խաչատրյանն այս տարի ավարտեց Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ֆիզիկայի ինստիտուտի «Աստղաֆիզիկա» մագիստրոսական ծրագիրը։ Այստեղ ընդունվելու պատճառը մեկն էր՝ մանկության երազանքը։
«Ես Բյուրականից եմ ու փոքր տարիքից միշտ հաճախել եմ Բյուրականի աստղադիտարան։ Ինձ համար երկինքը մանկուց հետաքրքիր է եղել»:
Արման Խաչատրյան
«Աստղաֆիզիկա» մագիստրոսական ծրագրով սովորելու համար Արմանը դիմել էր դեռ 2021 թվականին, սակայն ծրագրի բացման համար ստիպված եղավ սպասել 2 տարի, մինչև որ ուսանողների անհրաժեշտ քանակ կձևավորվեր։
2023 թվականին էլ ծրագիրը բացվեց հենց այն պատճառով, որ Արմանից բացի՝ ևս 3 ուսանողներ դիմեցին։
Արմանի «աստղաֆիզիկական» կյանքը սկսվել է հենց ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետ ընդունվելիս։ Խոսքն էլ է այդպես սկսվում։
«Ֆիզիկայի ֆակուլտետ ընդունվել եմ 2014 թվականին և դրանից անմիջապես հետո գնացել բանակ։ Բանակից հետո եղել է մեկ տարվա ընդմիջում։ Ու դրանից հետո եմ միայն սկսել ուսումս»։
Արման Խաչատրյան
Ի տարբերություն իր «մագիստրոսական ընկեր» Արմանի՝ Վարդգես Գրիգորյանը Ֆիզիկայի ֆակուլտետ ընդունվեց 2017 թվականին, որն ավարտելուց հետո որոշեց դիմել Մաթեմատիկայի ամբիոն, բայց իր առջև ունենալով Արմանի օրինակը՝ մտափոխվեց՝ դիմելով Աստղաֆիզիկայի ամբիոն։
«Համոզե՛ք ինձ աստղագետ դառնալ»
«Եթե այդպես հեշտ լիներ, մենք ավելի շուտ կդառնայինք աստղագետ»,- ծիծաղում է Վարդգեսը։
Արմանի կարծիքով աստղագիտության հանդեպ սերը երեխաների մեջ պետք է սերմանել դեռ դպրոցից, մինչդեռ դպրոցում 9-րդ դասարանի դասագրքի կեսն է միայն աստղագիտության մասին։
«Չոր ու ցամաք են անցնում, և այդ հետաքրիր երևույթների մասին շատ դասեր չկան։ Իսկ գիտության մեջ սերն է միայն, որ կարող է պահել։ Ոչ միայն դպրոցից է դա գալիս, այլև ընտանիքից»,- ասում է Արմանը։
«Սկզբում ընտանիքն է, հետո՝ դպրոցը, հետո՝ համալսարանը, ու այդպես դժվարությամբ դառնում ես աստղագետ»,- ծիծաղելով հավելում է Վարդգեսը։
Բարձրագույն կրթության մարտահրավերներ. չլրացվող մասնագիտություններ
Վարդգեսի խոսքով մագիստրոսական որևէ ծրագրում ուսանողների փոքր քանակի պատճառներից է բակալավրի դիմորդների քիչ քանակը։
Ըստ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) տվյալների և 2020-2025 թթ. ԵՊՀ ընդունելության արդյունքների՝ ԵՊՀ-ում «Ֆիզիկա» մասնագիտությանը (բակալավր) 2020 թ. հատկացվել էր 60 տեղ, որից առաջին փուլով լրացվել էր միայն 27-ը, երկրորդով՝ ևս 3-ը: Այսինքն՝ հատկացված տեղերի կեսը թափուր էր մնացել։ 2021 թ. տեղերի քանակը կրճատվել էր՝ դառնալով 40, որից առաջին փուլով լրացվել էր միայն 20-ը, երկրորդով՝ ևս 2-ը: 2022 թ. 41 տեղից առաջին փուլով լրացվել էր 22-ը, երկրորդով՝ ևս 2-ը: Միայն 2023-2024 ուստարում է նկատվում բաժին ընդունվածների քանակական աճ. առաջին փուլով բոլոր 43 տեղերը լրացվել են: 2024-2025 ուստարում արդեն տեղերի քանակն ավելացվել էր՝ դառնալով 70, և բոլորն էլ լրացվել էին: Այս տարի նույնպես հատկացվել էր 70 տեղ, որից առաջին փուլով լրացվել էին 55-ը, երկրորդով՝ 10-ը:
Ֆիզիկան միակ մասնագիտությունը չէ, որ տարիներ շարունակ դիմորդների խնդիր է ունեցել: ԿԳՄՍՆ Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տվյալներով 2024-2025 ուսումնական տարում Հայաստանի բուհերւմ առաջին փուլով հատկացված 16 հազար տեղերից ավելի քան 6 հազարը՝ այսինքն՝ 37,5%-ը թափուր է մնացել։
2024-ի հուլիսին՝ մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ, ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանը նշել էր, որ վերջին տարիներին հետաքրքրությունը նվազել է հատկապես գյուղատնտեսական մասնագիտությունների հանդեպ․ 2024 թ․ Ագրարային համալսարան ընդունվել է ընդամենը 50 ուսանող։
Այս տարի բուհերին հատկացվել է 12 126 տեղ: Առաջին փուլով բուհ է ընդունվել 9788 դիմորդ, 2355 տեղ թափուր է մնացել: Լրացուցիչ փուլում հայտագրվել է 1478 դիմորդ, որից բուհ է ընդունվել 1182 հոգի: Երկրորդ փուլից հետո 1174 տեղ թափուր է մնացել, որը կազմում է հատկացված տեղերի 9,6%-ը, ինչը մոտ 5 անգամ քիչ է անցած տարվա ցուցանիշից: Մյուս կողմից՝ կարևոր է նշել, որ անցած տարի հատկացված տեղերն անհամեմատ շատ էին՝ 16 038:
Այս տարի՝ ասուլիսի ժամանակ, Կարո Նասիբյանը հայտնեց՝ չնայած այն հանգամանքին, որ կառավարությունը հատկապես գյուղատնտեսական ոլորտի մասնագիտությունների համար կրթաթոշակ է հատկացրել, այս ոլորտում էական տեղաշարժ չի նկատվում. 7 մասնագիտություն թափուր է մնացել:
Պատկերն առանձին համալսարաններում
2020-2024 թթ. ԵՊՀ-ում նկատվում են մասնագիտություններ, որոնցում դիմորդների թվաքանակը գնալով նվազում է: Դրանցից են «Աստվածաբանությունը», «Երկրաբանությունը», «Աշխարհագրությունը», «Սննդի անվտանգությունը» և այլն։
Ստորև կարող եք տեսնել ԵՊՀ-ի՝ ամենից քիչ պահանջարկ ունեցող մասնագիտությունների թափուր տեղերը՝ հինգ տարիների կտրվածքով։ Ներկայացված են այն մասնագիտությունները, որոնց՝ երեք ուստարվա ընթացքում հատկացված տեղերից միջինում 50 և ավելի տոկոսը առաջին փուլով թափուր է մնացել:
Նույն թվականներին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) առաջին փուլով ամենից շատ թափուր տեղեր ունեցած մասնագիտություններն են եղել «Բնապահպանություն և բնօգտագործումը» և «Զբոսաշրջությունը»: Վերջինս երկրորդ փուլով ամբողջությամբ լրացվել է: Ստորև կարող եք տեսնել համալսարանի՝ ամենից շատ թափուր տեղեր ունեցող մասնագիտությունների տվյալները։
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում (ՀԱՊՀ) 2020-2024 թթ. ամենից շատ թափուր տեղեր ունեցած մասնագիտությունների առաջին հնգյակում են «Քիմիական տեխնոլոգիա»-ն, «Լեռնային գործ և օգտակար հանածոների արդյունահանում»-ը, «Մետալուրգիա»-ն, «Էլեկտրատեխնիկա, էլեկտրամեխանիկա և էլեկտրատեխնոլոգիաներ»-ը, «Ջերմաէներգետիկա»-ն։ ՀԱՏՀ Վիճակագրությունը ներկայացված է ստորև։
ԲՏՃՄ ոլորտներում պակասն ու դիմորդների նախապատվությունները
Համաձայն «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի»՝ կառավարությունը կարևորում է բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ոլորտներում սովորողների պատրաստվածությունը, սակայն, ըստ կառավարության դիրքորոշման, հանրակրթական ծրագրերում ԲՏՃՄ առարկաների ընդհանուր ծավալը բավարար չէ, մինչդեռ տնտեսության մեջ տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների դերակատարությունն անընդհատ աճում է։
Համաձայն նույն փաստաթղթի՝ 2022 թվականի դրությամբ բուհերի ուսանողների կեսից ավելին սովորում էր հումանիտար, արվեստի, կառավարման և իրավագիտության ոլորտներում, ինչն, ըստ կառավարության, անհամաչափ է ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին։
2024 թ. ասուլիսներից մեկի ժամանակ Կարո Նասիբյանը նշել էր, որ նույն թվականին ՀՀ բուհերն ունեցել են 14 696 դիմորդ, որոնցից 320-ը դիմել են Երևանի պետական բժշկական համալսարան (ԵՊԲՀ): Ամենապահանջված մասնագիտությունների թվում էին նաև «Իրավագիտություն»-ը (ԵՊՀ՝ 291 դիմորդ), «Միջազգային հարաբերություններ»-ը (ԵՊՀ՝ 220 դիմորդ, Հայ-ռուսական համալսարան՝ 118 դիմորդ), «Հոգեբանություն»-ը (ԵՊՀ՝ 154 դիմորդ), «Հանրային քաղաքականություն և կառավարում»-ը (ԵՊՀ՝ 57 դիմորդ), «Հասարակայնության հետ կապեր»-ը (ԵՊՀ՝ 56 դիմորդ)։
2025 թվականի բուհական քննությունների արդյունքները ամփոփող ասուլիսի ժամանակ Կարո Նասիբյանը հայտնեց, որ այս տարի 25 մասնագիտությամբ պետական բուհերում ուսանող չի եղել: Ամենից շատ թափուր տեղեր եղել են կրկին Ագրարային համալսարանում: Ագրարային համալսարանի տվյալներով այս տարի առաջին փուլով ընդունվել են 69 դիմորդներ, երկրորդով՝ 18: Սա այն դեպքում, երբ հատկացված է եղել ընդհանուր 379 տեղ: Նշենք նաև, որ 2020-2025 թթ. ընթացքում Ագրարային համալսարանի թափուր տեղերի վերաբերյալ ընդանուր պատկերը ստանալու համար մենք հարցմամբ խնդրել էինք մեզ տրամադրել այդ տարիների համար ընդունված ուսանողների և թափուր տեղերի քանակը, որին ի պատասխան՝ մեզ հայտնել էին, թե ռեկտորի ընտրություններով պայմանավորված՝ չեն կարող հիմա տրամադրել, և խնդրեցին սպասել մինչև ապրիլ ամիս: Մինչ այսօր, սակայն, հարցմանը չեն պատասխանել:
Քիչ-քիչ պակասելով
Չնայած ՀՀ պետական և մասնավոր բուհերի ուսանողների մեծ մասն ընդգրկված է հումանիտար ուղղության մասնագիտություններում, սակայն այս ուղղություններում նախընտրելի մասնագիտություններից են իրավագիտությունը, միջազգային հարաբերությունները, կառավարումը, մինչդեռ հումանիտար որոշ մասնագիտություններում ևս առկա են խնդիրներ:
2024 թ․ ԵՊՀ-ում, օրինակ, Պատմության ֆակուլտետի «Պատմություն» մասնագիտությանը հատկացված է եղել 40 տեղ, որից առաջին փուլով լրացվել է միայն 28-ը։ «Հնագիտություն և ազգագրություն» մասնագիտությանը հատկացվել է 15 տեղ, որից առաջին փուլով լրացվել է 9-ը։ «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտությանը հատկացված է եղել 50 տեղ, որից առաջին փուլով լրացվել է 32-ը։ Այս մասնագիտությունների թափուր տեղերը երկրորդ փուլով ամբողջությամբ լրացվել են:
Համեմատության համար նշենք, որ 2020 թվականին այս մասնագիտություններին հատկացված բոլոր տեղերը լրացվել են առաջին փուլով։ Ընդ որում, հատկացված տեղերի քանակը ավելի շատ է եղել․ «Պատմությանը» հատկացված է եղել 45 տեղ, «Հնագիտություն և ազգագրությանը»՝ 25, «Հայոց լեզու և գրականությանը»՝ 70 տեղ։ Տվյալներին մանրամասն կարող եք ծանոթանալ վերը ներկայացված վիզուալներում։
Ազգագրությունը նաև տրոլեյբուսն է․․․
Արփիկ Կարապետյանը և Սիլվա Պետրոսյանը սովորում են ԵՊՀ «Հնագիտություն և ազգաբանություն» մագիստրոսական ծրագրի երկրորդ կուրսում։ Մագիստրոսական ծրագրի ուսանողների թիվը 3 է:
Մագիստրատուրա ընդունվելու պատճառը երկուսի մոտ էլ նույնն է․ բակալավրում սովորելու տարիներին, ուսումնասիրելով ազգագրությունը, սիրով են լցվել ոլորտի նկատմամբ և որոշել ավելի խորքային ուսումնասիրել այն։ Արփիկը ազգաբանություն ընտրել է նաև իր արմատների պատճառով։
«Ես ուզում եմ գրել իմ պապերի մասին, ովքեր Սասունի Գելիեգուզանից եկել և բնակվել են այստեղ»։
Արփիկ Կարապետյան
Երբ սկսել է կարդալ ավարտական աշխատանքի գրականությունը, մի քանի ամիս ձեռքի տակ Վարդան Պետոյանի «Սասնա ազգագրություն» գիրքն է եղել։ Ու ընդամենը 7 ամիս հետո, երբ գնացել է բանասացներից մեկի տուն, ու վերջինս ցույց է տվել Արփիկի տոհմածառը, տեսել է, որ ինքն ու Պետոյանը մի ճյուղ են կիսում։
Երբ Արփիկը մարդկանց ասում է, որ ազգագրության բաժնում է սովորում, նրանք հաճախ չեն պատկերացնում, թե ինչ է դա՝ միշտ ասոցացնելով հայոց պատմության հետ։ Մի անգամ նույնիսկ մեկը մոտեցել և հարցրել է․«Դուք այն աղջի՞կն եք, որ թաղումներ է կազմակերպում»։ Իսկ Արփիկը թաղումներ չի կազմակերպում, պարզապես ուսումնասիրում է դրանք՝ պայմանավորված մագիստրոսական թեզի թեմայով. հետազոտում է արդի Հայաստանում հուղարկավորման և հիշատակման ծեսերը՝ տալով դրանց վիզուալ-մարդաբանական նկարագիրը։
Արփիկը թաղումներ չի կազմակերպում, սակայն ազգագրությունը նաև դրա մասին է։ Այն, առհասարակ, մարդու հետ կապված ամեն ինչն է՝ սկսած տրանսպորտից։
«Ես տրոլեյբուսով եմ գնում Հնագիտության և ազգագրության ինստիտուտ։ Ու այնտեղ նստած մարդիկ տարբերվում են, օրինակ, 1-ին համարի ավտոբուսի մարդկանցից»։
Արփիկ Կարապետյան
Սիլվայի խոսքով ազգագրությունը նաև մարդկանց հետ շփվելու և նրանց պատմություններն իմանալու մասին է։
«Երբ գնում եմ եզդիների հետ հարցազրույցի, նրանք պատմում են իրենց կյանքից, ու դա ինձ շատ հետաքրիր է։ Պատմիչները հիմնականում գրել են հայտնի մարդկանց պատմությունը, և այն էլ՝ մի քանիսինը միայն։ Իսկ սովորական մարդկանց պատմությունները մնացել են օդում կախված, բաց վիճակում»։
Սիլվա Պետրոսյան
«Հետաքրքրեք ինձ ազգագրությամբ»
– Հետաքրքիր բաներ իրականում շատ կան թե՛ հնագիտության, թե՛ ազգագրության մեջ,- ասում է Սիլվան։
Բայց երկուսին էլ ամենից շատ հետաքրքրում են թաղումները։
– Շատ ենք սիրում թաղումներ,- ծիծաղում է Արփիկը։
Սիլվայի խոսքով՝ Կովկասյան տարածաշրջանում հուղարկավորության փոսը փորելիս միշտ կնոջ փոսը ավելի խորն են փորում, քան տղամարդունը։
– Որ սատանայի հետ չհամագործակցեն,- լրացնում է Արփիկը։
Ասում են՝ կինը, սատանայի հետ համագործակցելով, կարող է փոսից դուրս գալ։ Սրա երկրորդ տարբերակն էլ կա՝ տղամարդը միշտ մի գլուխ բարձր է եղել կնոջից, դրա համար էլ թաղման ժամանակ կինը մի քիչ ավելի ցածր պետք է լինի, տղամարդն էլ՝ վերև։
Մեկ այլ հետաքրքիր թեմա են կարասային թաղումները։
Կարասային թաղումները, քիչ-քիչ պակասելով, վերացել են: Քիչ-քիչ պակասել են նաև «Հնագիտություն և ազգաբանություն» մագիստրոսական ծրագրի 2-րդ կուրսի ուսանողները․ առաջին կուրսում 6-ն էին, հետո քչացան, դարձան 3-ը։
«Աղջիկներից մեկը մայրության արձակուրդ գնաց, իսկ մյուս երկուսը որոշեցին, որ սա իրենցը չէ, ու դուրս եկան»։
Արփիկ Կարապետյան
Երբ Արփիկը բակալավրում ընդունվեց Պատմության ֆակուլտետի Մշակութաբանություն բաժին, սկզբում 40 ուսանող էին, իսկ վերջում մնացին 18 -ը։
Այս տարի նույն բաժնին հատկացվել էր անհամեմատ ավելի քիչ՝ 15 տեղ, որոնք բոլորն էլ առաջին փուլով լրացվեցին:
Հարյուրից միայն մեկը
Բակալավրում դիմորդների քիչ քանակը կարող է հանգեցնել մագիստրատուրայում, հետագայում նաև ասպիրանտուրայում դիմորդների քիչ թվաքանկի:
«Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով» նախատեսվում էր ասպիրանտուրայի նկատմամբ հետաքրքրությունը խթանելու նպատակով աստիճանաբար ավելացնել ասպիրանտուրայի անվճար տեղերի թիվը։ 2023 թվականին դրանց թիվը 210 էր։ 2024 թ., չնայած նախատեսվում էր ունենալ 270 անվճար տեղ, սակայն դրանց թիվն իրականում 305-ն էր։ Այս տարի հատկացվել է 215 անվճար տեղ:
Ասպիրանտական տեղերի մասին մանրամասն վիճակագրությանը կարող եք ծանոթանալ «Ինֆոքոմի» հոդվածում։
Արփիկը և Սիլվան, ինչպես նաև Արմանը և Վարդգեսը ցանկանում են դառնալ գիտնական՝ ուսումը շարունակելով ասպիրանտուրայում: Սակայն Հայաստանում պատկերն այնքան էլ հուսադրող չէ․ բակալավրի ուսանողների քիչ մասն է գնում մագիստրատուրա, և նրանց էլ ավելի փոքր մասը՝ ասպիրանտուրա։
Տվյալների հավաքման և մշակման խորհրդատու՝ Կատյա Մամյան
Տվյալների հավաքագրումը և հնարավոր շեղումները
Ներկայացված վիճակագրական տվյալները հիմնված են հետևյալ աղբյուրների վրա․
- Երևանի պետական համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պաշտոնական կայքերում հրապարակված տվյալները՝ 2020/2021-ից մինչև 2024/2025 ուսումնական տարիներին բակալավրիատ ընդունված ուսանողների թվաքանակի վերաբերյալ։ Բացի այդ՝ որոշ բացակա տվյալներ լրացվել են նշված բուհերին ուղարկված հարցումների պատասխանների միջոցով։ Հարկ է նշել, որ տվյալները առնչվում են միայն առկա համակարգով սովորողներին:
- Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պաշտոնական կայքում առկա տեղեկությունը թերի էր, և հարցում էինք ուղարկել ՀԱԱՀ՝ ամբողջական տվյալները ստանալու համար: Սակայն մեր հարցմանն ի պատասխան՝ համալսարանից տեղեկացրին, որ ռեկտորի ընտրությունների պատճառով տվյալների տրամադրումը ժամանակավորապես անհնար է։ Նրանք խոստացան տվյալները ուղարկել ապրիլ ամսին, սակայն դրանք այդպես էլ չստացվեցին։
- ՀՀ Վիճակագրության կոմիտեից՝ բակալավր, մագիստրատուրա և ասպիրանտուրա ընդունված, սովորող և ավարտած ուսանողների թվաքանակի վերաբերյալ տվյալներ։
- Գնահատման և թեստավորման կենտրոնի ամենամյա վիճակագրական զեկույցներ և ասուլիսներում ներկայացված տվյալներ։
- Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացվող և պլանավորված ծրագրերի, ինչպես նաև ՀՀ կառավարության կայացրած որոշումների վերաբերյալ հրապարակային տեղեկություններ։
Հնարավոր շեղումներ
Ասպիրանտուրա ընդունված, սովորող և ավարտած ուսանողների շարժը ներկայացնող վիճակագրության միջոցով մեր նպատակն էր վերլուծել 2013–2023 թթ. ժամանակահատվածում բակալավրիատն ավարտած ուսանողների՝ մագիստրատուրա և այնուհետև ասպիրանտուրա ընդունվելու տեմպերը։ Այսինքն՝ պարզել, թե բակալավրիատից որքան ուսանող է հասել մինչև ասպիրանտուրայի ավարտ՝ ներկայացնելով կրթական հաջորդական աստիճանների անցման ընդհանուր պատկերը։
Սակայն ներկայացված տվյալները կարող են որոշ շեղումներ ունենալ՝ պայմանավորված մի շարք գործոններով։ Մասնավորապես՝
- Արական սեռի ուսանողների մի մասը կարող է երկու տարի հետ ընկնել՝ պայմանավորված զինվորական ծառայության անցնելու հանգամանքով։
- Բակալավրիատից մագիստրատուրա ընդունվելը հաճախ տեղի է ունենում ոչ անմիջապես, այլ մեկ կամ ավելի տարվա դադարով, ինչը նույնպես կարող է ազդեցություն ունենալ տվյալների ճշգրտության վրա։
- Ասպիրանտական կրթությունը տևում է երեք տարի, սակայն որոշ դեպքերում թեկնածութական ատենախոսության պաշտպանությունը տեղի է ունենում ավելի ուշ, իսկ ըստ Վիճակագրական կոմիտեի մեթոդաբանության՝ ասպիրանտուրան ավարտած են համարվում թեկնածուական ատենախոսությունը պաշտպանած մարդիկ։
- Կան ուսանողներ, որոնք մագիստրատուրան ավարտելուց հետո չեն ընդունվում ասպիրանտուրա, այլ հետազոտական որևէ կառույցում հայցորդ են դառնում և ատենախոսության պատշտպանությունից հետո գիտական աստիճան ստանում։
Սակայն հարկ է նշել, որ ինչպես զինվորական ծառայության երկու տարվա դադարը, այնպես էլ ասպիրանտական ատենախոսության պաշտպանության երկար ժամկետները վերաբերելի են բոլոր տարիներին, հետևաբար՝ նախորդ տարիներին հետ ընկած ուսանողների/ասպիրանտների տվյալները կոմպենսացնում են տվյալ տարվա բացը։
Այս սահմանափակումները հաշվի առնելով՝ վիճակագրական վերլուծությունն առավելապես ցույց է տալիս ընդհանուր միտումները, այլ ոչ թե կրթական աստիճանների միջև եղած ճշգրիտ կապերը։