azatutyun.am Բելառուսի ԱԳՆ-ն 72 ժամ է տվել չեխական դեսպանատան աշխատակցին երկիրը լքելու համար։ Չեխ դիվանագետը անցանկալի անձ է հայտարարվել Եվրոպայում բելառուսական լրտեսական ցանց բացահայտելու մասին չեխական իշխանությունների պնդումներին ի պատասխան։
Պաշտոնական Պրահան ավելի վաղ Չեխիայից արտաքսել է բելառուս դիվանագետին։
Բելառուսի արտգործնախարարության խոսնակ Ռուսլան Վորոնկովը հայտարարել է, որ չեխական իշխանությունների մեղադրանքները «բացարձակապես անհիմն» են։
Բելառուսական «Զերկալո» հրատարակությունը հիշեցնում է, որ սեպտեմբերի 8-ին չեխական անվտանգության մարմինները հայտնել են Եվրոպայում գործող բելառուսական ԿԳԲ լրտեսական ցանցի բացահայտման մասին։ Հաղորդվել է նաև Ռումինիայում Մոլդովայի հետախուզության և անվտանգության ծառայության նախկին փոխտնօրեն 47-ամյա Ալեքսանդրու Բալանի ձերբակալության մասին, որը նույնպես մեղադրվում է Բելառուսի օգտին լրտեսության և պետական դավաճանության մեջ։ Սեպտեմբերի 9-ին Լեհաստանը ևս հայտարարել է բելառուս գործակալի ձերբակալության մասին։