Կառավարությունը որոշեց չընդունել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 94-րդ հոդվածն այս դրույթով լրացնելու մասին օրինագիծը, որը մշակել է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։
Նախագծով ասվում էր, որ աշխատանքային պայմանագրի լուծման օրինական պատճառ չի կարող համարվել աշխատողի տարիքը, սակայն Օրենսգրքում չկա ոչ մի հոդված կամ կետ, իմպերատիվ արգելք, որը կբացառի գործատուի կողմից աշխատանքի ընդունման ժամանակ անձանց տարիքային խտրականությունը, որն էլ տևական ժամանակ դարձել է պատուհաս աշխատող, գործունակ անձանց համար, որոնք հատել են երիտասարդ համարվող տարիքի վերին շեմը:
Ըստ Ուրիխանյանի առաջարկած նախագծի՝ անթույլատրելի է տարիքի պատճառով աշխատողի հետ աշխատանքային պայմանագրի կնքման մերժումը, որն էլ համատարած տեղի է ունենում այսօր: Պետությունը եւ ՀՀ օրենսդրությունը պետք է հավասար, արդարացի պայմաններ ապահովի յուրաքանչյուր աշխատելու ցանկություն ունեցող, աշխատունակ, համապատասխան որակավորում ունեցող անձանց համար անկախ նրանց տարիքից: Սույն օրենսդրական կարգավորումը ուղղված է տվյալ հարցի լուծմանը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը կառավարությանը ներկայացրեց այս նախագծի թերի կողմը․ «Միայն տարիքին վերաբերող մասով արգելքի առանձին դրույթ սահմանելը ընդունելի չէ, քանի որ այդ պարագայում անհրաժեշտ կլինի Օրենսգրքում նման արգելք սահմանել նաև սեռի, ռասայի, մաշկի գույնի, էթնիկ կամ սոցիալական ծագման, գենետիկական հատկանիշների, լեզվի, կրոնի, աշխարհայացքի և այլ հանգամանքներով պայմանավորված ևս»։
Բացի դա, նա նշեց, որ համաձայն ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածի՝ խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:
Վարչապետ Փաշինյանը նշեց․ «Բայց տարբեր ահազանգներ ենք ստանում, որ աշխատաշուկայում կան խտրականության դեպքեր։ Սահմանադրության մեր ունեցած կարգավորումը բավարա՞ր է այդ հարցը լուծելու, թե՞ օրենսդրական այլ ակտեր էլ են պետք»։
Նախարար Բաթոյանը պատասխանեց․ «Մենք օրենսդրությունում ունենք հստակ խտրականությունն արգելելու անհրաժեշտություն, սակայն այն համապարփակ և բոլոր հիմքերով է պետք արգելել, ոչ միայն տարիքով։ Այդ նպատակուվ այս ամիս նախատեսում ենք օրենսգրքի հանրային քննարկումներ, և այս առաջարկները միջազգային կոնվենցիաներին ու պարտավորություններին համապատասխանեցնելու անհրաժեշտություն կա»։
ՄԻՊ Արման Թաթոյանն էլ նշեց՝ Աշխատանքային օրենսգիրքը պետք է ունենա սկզբունք, որը խտրականության արգելքի հստակ երաշխիքներ կտա։ «Պրակտիկայում այսօր էլ ունենք խտրականության դեպքեր, մասնավորապես՝ սեռով պայմանավորված, հատկապես՝ կանանց նկատմամբ, և տարիքով պայմանավորված խտրականություն։ Աշխատանքային օրենսգրքի սկզբունքները հաճախ հնարավորություն չեն տալիս, որ արդյունավետ պաշտպանություն իրականացվի»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը քննարկումն ավարտեց՝ ասելով․ «Այսինքն՝ նշանակում է, որ մենք իրոք ունենք օրենքի փոփոխության անհրաժեշտություն, բայց ոչ միայն տարիքի հիմքով։ Քանի որ ստացվում է՝ եթե ասում ես էս մի հիմքով չի կարելի խտրականություն անել, ուրեմն՝ ավտոմատ կարելի է մյուս հիմքերով։ Եթե գնում ենք այս ճանապարհով, ուրեմն՝ պետք է հստակ սահմանենք բոլոր դեպքերը, որտեղ խտրականությունն արգելվում է։ Հեղինակի հետ կարելի է աշխատել, որ նախագիծն ամբողջական տեսքի բերվի»։