Այսօր ՀՀ կառավարությունն որոշեց, որ առողջապահության նախարարությունը տուլարեմիա պատվաստանյութը ձեռք կբերի մեկ անձից գնման ձևով՝ Ռուսաստանի «Միկրոգեն գիտարտադրական միավորում» ընկերությունից (1 դեղաչափը՝ 104.95 ռուբլուն համարժեք դրամով)։
Նախարարությունը որպես հիմնավորում նշում է, թե վերջին տարիներին տուլարեմիայի դեմ պատվաստանյութի ձեռքբերման գործընթացում եղել են դժվարություններ, քանի որ պատվաստանյութի արտադրության հետ կապված առկա են որոշ առանձնահատկություններ։ Շուկայում հայտնի է միայն «Միկրոգեն» ընկերությունը եւ նախարարությունն առաջարկում է միանգամից տվյալ ընկերությունից ձեռք բերել պատվաստանյութը՝ առանց միջնորդ ընկերության։
Ըստ որոշման՝ ՀՀ-ում Պատվաստումների ազգային օրացույցով նախատեսված է իրականացնել պատվաստումներ տուլարեմիայի դեմ զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց շրջանում, ինչպես նաև համաճարակաբանական ցուցումով: Պատվաստանյութն արտադրվում է բազմադեղաչափ սրվակներով, որի արդյունքում պատվաստանյութի կորուստը լինում է բավականին բարձր՝ տարեկան միջին կորուստը կազմելով 50-60 տոկոս, քանի որ սրվակը բացելուց հետո պատվաստանյութը թույլատրվում է օգտագործել միայն երկու ժամվա ընթացքում:
Հաշվի առնելով այս հանգամանքը, նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց պատվաստումները կազմակերպվում են միաժամանակյա՝ անտեղի կորուստից խուսափելու նպատակով:
Արդյունքում ակնկալվում է ՀՀ բնակչության շրջանում կանխարգելիչ պատվաստումների անվտանգ և արդյունավետ իրականացում, որի հետևանքով կապահովվի Հայաստանի Հանրապետությունում տուլարեմիայի դեպքերի կանխարգելում և կայուն համաճարակային իրավիճակի ստեղծում: