Այսօր ՀՀ կառավարությունն ընդունեց Բռնադատվածների վարկային պարտավորությունները ներելու և որպես պետական աջակցություն ձևակերպելու մասին որոշումը։
Ըստ այս որոշման՝ ՀՀ 2002-2012 թթ պետական բյուջեներով նախատեսված միջոցների հաշվին բռնադատվածներին բնակարանային պայմանների բարելավման նպատակով հատկացված արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկի գումարների՝ վարկառուների մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը չվճարված մնացորդային մասը և ժամկետանց պարտավորությունների դիմաց հաշվարկված տույժերը ներել՝ ձևակերպելով որպես ՀՀ կառավարության կողմից վերջիններիս տրամադրված պետական ֆինանսական աջակցություն:
Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է այն հանգամանքից, որ ՀՀ պետբյուջեից վարկեր ստացած այդ անձանց ճնշող մեծամասնությունը սոցիալապես անապահով և տարեց անձինք են, որենք օբյեկտիվորեն հնարավորություն չունեն իրականացնելու իրենց վարկային պարտավորությունները:
Ըստ նախագծի՝ ՀՀ 2002-2012 թթ պետական բյուջեներով հաստատված միջոցների շրջանակում բռնադատվածի և բռնադատվածի առաջին հերթի ժառանգի կարգավիճակ ունեցող 303 քաղաքացու բնակարանային պայմանները բարելավելու (բնակարանային անհատական շինարարության նպատակով կամ անավարտ բնակելի տան շինարարությունն ավարտին հասցնելու, ինչպես նաև բնակարան ձեռք բերելու կամ վերանորոգելու համար) նպատակով տրամադրվել է արտոնյալ պայմաններով երկարաժամկետ՝ 25 տարի մարման ժամկետով 1 տոկոս տոկոսադրույքով վարկ՝ 1, 272, 094, 607 դրամ ընդհանուր գումարով:
10.09.2018 թվականի դրությամբ վարկառուների կողմից մարվել է 201,248,968 ՀՀ դրամ գումարի չափով հիմնական գումար և վճարվել 43,212,535 ՀՀ դրամ գումարի չափով տոկոսագումար: Թվով 19 վարկառուի կողմից վարկային պարտավորությունները՝ 58 մլն դրամ գումարի չափով ամբողջ ծավալով ժամկետից շուտ մարվել են, իսկ թվով 262 վարկառուներին տրամադրված վարկի գծով ժամկետանց պարտավորությունների ընդհանուր ծավալը 10.09.2018 թ. դրությամբ կազմում է 343,138,920 ՀՀ դրամ, որից 230, 130,276 ՀՀ դրամը՝ վարկի մայր գումար, 36,662,626 ՀՀ դրամը՝ տոկոսագումար, իսկ 76,346,018 ՀՀ դրամը՝ ժամկետանց գումարի նկատմամբ հաշվարկված տույժ:
Ընդ որում 114 վարկառուի կողմից վարկային պարտավորության գծով ոչ մի վճարում չի կատարվել:
Որոշման նպատակը բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց սոցիալական խնդիրների մասնակի լուծումն է։ Ակնկալվում է, որ դրա ընդունման արդյունքում մասամբ կբարելավվի շուրջ 280 մարդու սոցիալական վիճակը։