hetq.am: Հրազդան քաղաքում ուսումնական հաստատությունները խոշորացնելու և ուսումնական գործընթացը ժամանակակից նյութատեխնիկական բազայով հագեցնելու նպատակով «Հրազդանի պետական բժշկական քոլեջ»-ը միացվեց «Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ին: Նման որոշում կայացրեց կառավարությունը՝ այսօրվա հերթական նիստին։
«Հրազդանի պետական բժշկական քոլեջ»-ի իրավահաջորդը կլինի «Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ը։
Բացի այդ, պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված՝ Հրազդան քաղաքի Սպանդարյան 72 հասցեում գտնվող տարածքը, որի կազմում ներառված են երկհարկանի ձախակողմյան մասնաշենքը, կենտրոնական մասնաշենքին միացնող միջանցքը և 0.1429 հեկտար մակերեսով հողատարածքը, հետ վերցվեց «Հրազդանի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ից և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացվեց «Հրազդանի N 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին։
«Հրազդանի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ից հետ վերցվեց նաև Կոտայքի մարզի Քաղսի համայնքում գտնվող 1197 քմ մակերեսով անշարժ գույքը (կիսաքանդ դեղորայքի պահեստ, կիսաքանդ քիմիական նյութերի պահեստը, աստիճանավանդակը, կիսաքանդ պահակատունը, 19.79 քմ պարիսպը, պարիսպը) և ամրացվեց գույքի կառավարման կոմիտեի տնօրինությանը:
«Հրազդանի պետական բժշկական քոլեջ»-ն ունի 106 սովորող։ Վերջինս իր ուսումնական գործունեությունը իրականացնում է «Հրազդանի N 2 հիմնական դպրոց»-ին ամրացված ուսումնական մասնաշենքի ձախակողմյան տարածքում՝ անհատույց օգտագործման իրավունքով: Սակայն ուսումնական տարածքի փոքր լինելու պատճառով խաթարվում է դրա բնականոն ուսումնական գործընթացը: