Կառավարությունը որոշեց չընդունել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած առաջարկության նախագիծը՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ։
Ըստ այդ նախագծի՝ առաջարկվում էր գաղտնազերծել պաշտոնատար անձանց համար ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմատեխնիկական միջոցների, արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման ապահովման համար անհրաժեշտ ապրանքների, ծառայությունների գնումները։
«Մենք կարծում ենք, որ այս ինֆորմացիան գաղտնազերծելը կվնասի պետական անվտանգությանը, պաշտոնատար անձանց անվտանգությանը, և սա լեգիտիմ շահ է Սահմանադրության 42-րդ հոդվածով սահմանված տեղեկատվության ազատության սահմանափակման համար։ Կարծում ենք՝ այս տեղեկատվությունը պետք է շարունակի գաղտնի մնալ»,- ասաց հիմանական զեկուցող արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։
Վարչապետ Փաշինյանն էլ նախագծից մեջբերում արեց՝ նշելով՝ ասում են՝ սպասարկման և նորոգման ոլորտում հատուկ տեխնիկական և ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի ապահովման համար անհրաժեշտ ապրանքների, ծառայությունների կառուցվածքը և ծախսերը գաղտնազերծել, դարձնել հանրության համար թափանցիկ։
«Այսինքն՝ Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների գրաֆիկները նախապես ինտերնետում դնել, մարշուտները գծել, գրել, թե ինչ զենքերով են զինված անվտանգության ծառայողները, քանի անվտանգության ծառայող ա ուղեկցում, նրանցից ով ա ամենալավը կրակում, և կից խորհրդատվություն, թե ինչպես տեռորիստական ակտ իրականացնել տվյալ պետական պաշտոնյաների նկատմամբ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքերով՝ ըստ էության, ոչ մի թաքուն բան չեն անում այս ոլորտում։ «Մեր տրանսպորտային ծախսերը, օրինակ՝ օդանավի ծախսը ստանդարտ ծախս ա, կիլոմետրից կախված ա փոխվում և այդպես շարունակ։
Կա մի կետ, որից ավելի տեղեկատվությունը բացել չի կարելի, որովհետև երբ ասում ենք բացել, դա ոչ միայն հանրության համար է լինում, այլ պոտենցյալ մյուս բոլոր հետաքրքրություն ունեցողների Հայաստանում և Հայաստանից դուրս»։