hetq.am: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, քիչ առաջ մեկնարկեց ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի գործով դռնբաց դատական նիստը:
Նշենք, որ դատարանը գործը վարույթ ընդունելուց հետո մինչև այն դատաքննության նշանակելը պետք է անդրադառնա ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցին: Նախկինում դատարանն այս հարցին անդրադառնում էր միանձնյա, սակայն վերջերս Սահմանադրական դատարանի հայտնած իրավական դիրքորոշումից հետո խափանման միջոցի հարցին դատարանն անդրադառնում է կողմերի մասնակցությամբ:
Մանվել Գրիգորյանի նկատմամբ այս պահին խափանման միջոց է ընտրված կալանավորումը:
Նա դատարան չի բերվել: Դատարանում է միայն Նազիկ Ամիրյանը:
Նշենք, որ Մանվել Գրիգորյանին և նրա կնոջը՝՝ Նազիկ Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել տարբեր տեսակի հափշտակություններ։