«Բացի 28 հոգանոց փրկարարական թիմից և տեխնիկական սարքավորումներից, երկրաշարժից անմիջապես հետո հայ ժողովրդի կողմից 5 բեռնատարներ՝ լցված 100 տոննա պարենային, դեղորայքի, ջրի և շտապ օգնության այլ փաթեթներով, անցնելով Ալիջանի սահմանային դարպասով, մեկնել են Ադըյաման։ Շնորհակալություն Հայաստան»,- թվիթերյան իր էջում գրել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը՝ նշելով Ռուբեն Ռուբինյանին։
Սերդար Քըլըչը հրապարել է նաև հումանիտար օգնությամբ լցված բեռնատարների լուսանկարներ և արձագանքել ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանի գրառմանը՝ նշելով․ «Շնորհակալություն սիրելի Վահան Կոսնտանյան և Ռուբեն Ռուբինյան՝ ձեր ջանքերի համար, որ սա հնարավոր դարձրիք։ Ես միշտ կհիշեմ Հայաստանի ժողովրդի կողմից ուղարկված առատաձեռն օգնությունը՝ օգնելու մեղմել երկրաշարժից տուժած շրջանում մեր ժողովրդի տառապանքները»։
Հիշեցնենք, որ Թուրքիայում` Սիրիայի սահմանից ոչ հեռու, փետրվարի 6-ի գիշերը 7,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է եղել: Թուրքիայի ու Սիրիայի բազմաթիվ քաղաքներում տեղի են ունեցել ավերվածություններ։ Կան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ։ Գիշերվա ավերիչ երկրաշարժին Թուրքիայում հետևել են հետցնցումներ, որոնցից առավել ուժգիններից մեկը՝ 7,7 մագնիտուդով, մյուսը՝ 5,9։