armenpress.am: Հայաստանից Թուրքիայի աղետի գոտի մեկնած հայ փրկարարները թուրք փրկարարների հետ Ադըյաման քաղաքում կարողացել են փլատակներից ողջ դուրս բերել 8-ամյա աղջկա։ Այս մասին հայտնել է Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը։
«Հայաստանի փրկարար խումբը Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության խմբի հետ Ադըյամանում ութամյա աղջկա են փրկել։ Զորակցությունը կյանք է»,- գրել է Փայլանը։
Հիշեցնենք, որ Թուրքիայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու համար Հայաստանից Սիրիա է մեկնել 29, Թուրքիա՝ 27 փրկարար:
Ավերիչ երկրաշարժի հետևանքով գրանցված զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 24 000-ը։