armtimes.com: ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Մակունցն ու Սիսակ Գաբրիելյանը հանդես են եկել մի օրենսդրական նախաձեռնությամբ, որը պետք է որ հետաքրքրի ուսանողական լայն շրջանակներին։
Օրենսդրական նախաձեռնությամբ նախատեսվում է ՀՀ Հարկային օրենսգրքում այնպիսի լրացում կատարել, որով պետությունը աշխատող ուսանողների վճարած եկամտային հարկից կփոխհատուցի տվյալ ուսանողի ուսման վարձը։ Պարզ ասած՝ այն ուսանողները, որոնք աշխատում են եւ հարկ են տալիս պետությանը, ըստ էության, այդ գումարը հետ կստանան ուսման վարձի տեսքով։
Նախագծով առաջարկվում է Հարկային օրենսգրքի 159-րդ հոդվածը լրացնել նոր՝ 5-րդ մասով.
«Անկախ սեփականության ձեւից՝ ՀՀ-ում հավատարմագրված բարձրագույն, միջնակարգ-մասնագիտական ու պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնական հաստատություններում սովորող (ուսանող) վարձու աշխատողի (այդ թվում՝ ծառայություններ մատուցող) ուսման վարձը փոխհատուցվում է սույն օրենսգքրի 1601 հոդվածով»։
Իսկ 1601 հոդվածը կսահմանի, որ վարձու աշխատող ֆիզիկական անձանց աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարումների մասով օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված եկամտային հարկը ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով վերադարձվելու է՝ անկախ սեփականության ձեւից ՀՀ-ում հավատարմագրված բարձրագույն, միջնակարգ-մասնագիտական ու պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնական հաստատություններում սովորող վարձու աշխատողի ուսման վարձի գումարի չափով:
Նախատեսվող հոդվածի երկրորդ կետով սահմանված գումարները վերադարձվելու են ուսումնական տարվա կիսամյակի ավարտից հետո՝ յուրաքանչյուր ուսումնական տարվա համար սահմանված միջին որակական գնահատականի (ՄՈԳ) շեմը հաղթահարելու դեպքում: Իսկ հոդվածով սահմանված՝ վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը սահմանելու է կառավարությունը:
Ըստ օրինագծի հեղինակների՝ այս օրենսդրական նախաձեռնությունը կխրախուսի երիտասարդ աշխատողներին հրաժարվել առանց աշխատանքային պայմանագրի աշխատելու առաջարկներից, կբերի նրանց օրինական դաշտ, ինչպես նաեւ աշխատող երիտասարդների մեջ կդաստիարակի աշխատելու եւ միաժամանակ հարկ վճարելու մշակույթ։
Նախաձեռնությունն իր այս՝ նախնական տարբերակում ամբողջական է՝ վերաբերում է ե՛ւ առկա, եւ՛ հեռակա ուսուցմամբ սովորող ուսանողներին, ե՛ւ բակալավրիատում, ե՛ւ մագիստրատուրայում սովորող ուսանողներին։ Նախագծով միայն մի սահմանափակում կա՝ ուսանողի միջին որակական գնահատականի շեմ է սահմանվելու։
Օրինագծի համահեղինակ Սիսակ Գաբրիելյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ մայիսի 13-ին խորհրդարանում այս թեմայով մեծ լսումներ են նախատեսվում, որոնց ներկա կլինեն կրթական հաստատությունների ներկայացուցիչներ, ուսանողներ եւ կրթության փորձագետներ՝ հարցը համակողմանի քննարկելու համար, չնայած՝ կարծիքների գերակշիռ մասը դրական է։
Գաղտնիք չէ, որ Հայաստանում ուսանողության մի ստվար զանգված կրությանը զուգահեռ տարբեր հանգամանքների բերումով նաեւ աշխատում է՝ ընդ որում՝ նաեւ ոչ ընտրած մասնագիտությամբ։ Պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը մեր զրույցում ասաց, որ այս պահին հստակ վիճակագրություն չկա՝ ուսանողների քանի տոկոսն է աշխատում, բայց մոտավոր ուսումնասիրություններով՝ առկա բակալավրիատում աշխատում է մոտ 2-3 տոկոսը, մագիստրատուրայում՝ 3-5 տոկոսը։ Այց ցուցանիշն ավելի բարձր է հեռակա ուսուցման համակարգում՝ մոտ 60 տոկոս։ Որոշակի թիվ հստակեցնելու համար նախաձեռնության հեղինակները լրացուցիչ հարցումներ են արել կրթական հաստատություններ։
Ավելի մանրամասն կարդացեք armtimes.com-ում։