Կառավարությունը այսօր ավելի քան 17 մլրդ դրամ հատկացրեց ՀՀ մի շարք ճանապարհների հիմնանորոգման և վերակառուցման համար:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագծի քննարկման ընթացքում անդրադարձավ ճանապարհաշինությանը՝ նշելով, որ Թալին-Լանջիկ հատվածում նոր ստանդարտի ճանապարհ են կարողացել ստանալ. «Ես նախարարի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում ասել եմ, որ եթե մի տարում փոսեր չեն հայտնվելու այդ ճանապարհի վրա, կարող ենք ասել, որ նոր որակի ճանապարհ ենք ստացել: Չափազանց կարևոր եմ համարում, որ մենք միջհամայնքային ճանապարհերում էլ կարծես թե ուզում ենք մոտենալ նոր ստանդարտների: Վերջերս առիթ ունեցա Հրազդան-Բջնի վերականագնված ճանապարհով անցնել և իսկապես այս բոլոր ճանապարհները Հայաստանը նորովի տեսնելու և նորովի հայտնաբերելու միջոց են: Նրանք, ովքեր այդ ճանապարհով չեն անցել, խորհուրդ եմ տալիս անպայման լինել»,-ասաց Փաշինյանը՝ նշելով, որ այս ծրագրերով պետք է տեսադաշտ բացեն մասնավոր ներդրումների և մեր քաղաքացիների համար, «որպեսզի մեր պետությունը ավելի լավ ճանաչենք »:
Վարչապետը նաև նշեց, որ որոշ ծրագրեր նախատեսել են անցած տարի սկսել, բայց «ամենատարբեր ինտրիգների և անկարգապահությունների պատճառով դա չիրականացվեց». «Մենք որոշել ենք, ծրագրել ենք, պիտի անենք այդ ծրագրերը և չսպասենք, թե ինչքանով են կապալառուները պարտաճանաչ: Մենք պետք է կարողանանք լծակներ գտնել՝ կամ ընդհանրապես նրանց մեկուսացնելու պետական գնումներից, կամ էլ այնպես անել, որ իրենք պատշաճ ձևով իրենց պարտականությունները կատարեն»: