tert.am: Մենք պատրաստ ենք բանակցել Ղարաբաղի հայերի հետ, բայց միայն այն դեպքում, երբ «ՌԴ քաղաքացի, քրեական հեղինակություն ու կոռումպացված Վարդանյանը» (խմբ. – Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը) լքի Ղարաբաղը։
Այս մասին Մյունխենում Հարավային Կովկասում անվտանգության թեմայով պանելային քննարկմանը ասել է Իլհամ Ալիևը:
«Մենք կբանակցենք ԼՂ-ում ծնված և այնտեղ ապրող մարդկանց հետ, բայց ոչ այն մարդու, որ մաքսաննեգ ճանապարհով ուղարկվել է Ռուսաստանից ԼՂ-ում ղեկավար դիրք զբաղացնելու համար: Ոչ ոք չգիտի ինչպես նա հայտնվեց Ղարաբաղում, և ինչպես է նա փորձում հետ գնալ Երևան, այնտեղից՝ Մոսկվա, ապա՝ Երևան և հետո Ղարաբաղ: Սա ցույց է տալիս, որ չկա շրջափակում»,- ասաց Ալիևը:
Հիշեցնենք, որ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Այնուհետեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին եւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը Մյունխենի միջազգային համաժողովի շրջանակներում մասնակցել են Հարավային Կովկասի անվտանգության թեմայով քննարկմանը։