57c784f08d404c1dec488d3e3979a7c4.jpg

Ո՞վ է Քոչարյանի և մյուսների գործը քննող դատավորը |civilnet.am|

civilnet.am: Մարտի 1-ի գործի անջատված մասը, որում ներգրավված է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, քննելու է դատավոր Վարդան Գրիգորյանը։ Մակագրումն իրականացվել է էլեկտրոնային եղանակով։

Վարդան Լևոնի Գրիգորյանը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը ստացել է ամիսներ առաջ՝ 2018թ․ նոյեմբերի 14-ին։ Հայաստանի դատական իշխանության կայքում տեղադրված կենսագրականից տեղեկանում ենք, որ Գրիգորյանը ծնվել է Երևանում՝ 1979-ին, 2000-2014-ը եղել է փաստաբան, ընդ որում՝ 2007-2014-ին աշխատել է որպես հանրային պաշտպան։

Այնուհետև աշխատանքի է անցել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավոր, հետո տեղափոխվել Երևան։

Ինչ գործեր է քննել Վարդան Գրիգորյանը

«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում Գրիգորյանի վարույթում առկա է 217 քրեական գործ, որոնց ճնշող մեծամասնությունը, բնակաբանար, Շիրակի մարզի դատարանում են քննվել։

Երևանի դատարանում աշխատանքի անցնելիս առ այսօր նրա վարույթում կա 28 գործ։ Այս գործերը դեռևս դատաքննության փուլում են և կայացրած վճիռներ չկան։ Գործերը հիմնականում վերաբերում են առողջությանը միջին և ծանր վնաս հասցնելու, հափշտակության, խուլիգանության հոդվածներին։ Քաղաքական ենթատեքստ ունեցողներից միայն Քոչարյանի և մյուսների գործն է, որ մակագրվել է Վարդան Գրիգորյանին։

Գրիգորյանի գույքն ու դրամական միջոցները

Ըստ բարձաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված հայտարարագրերի՝ Վարդան Գրիգորյանը համեստ եկամուտներով և գույքով ապրող դատավորներից է։ Նրա վերջին հայտարարագրի համաձայն, որը ներկայացրել է 2018-ին՝ Երևանի դատարանում պաշտոնը ստաձնելիս, Գրիգորյանն ունի երկու բնակարան, Nissan Teana մակնիշի մեքենա, 2,1 մլն դրամ ու 660 դոլար։ Գրիգորյանի մյուս հայտարարգրերում ամենախոշոր գործարքը 37 000 դոլար վարկն է և 57 000 դոլարով բնակարանի գնումը։ Նախկինում նա խոշոր նվիրատվություններ կամ փոխառություններ, բացի վերոնշյալ վարկից, չի ստացել։


Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն