73d4fa4b0b472ec0fcabb72db2551fd0.jpg

Շատ գործատուների մոտ ֆիքսված է՝ եթե հաշմանդամություն ունես, պիտի ստանաս թոշակ, նպաստ, բարեգործություն, բայց ի՞նչ աշխատանք. Արմեն Ալավերդյան

Հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ դրսևորվող խտրականության, նրանց՝ աշխատանք գտնելու դժվարությունների, մեդիայում տարածված սխալների շուրջ զրուցել ենք «Ունիսոն» հ/կ-ի գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանի հետ։ 

-Հաշմանդամություն ունեցող անձանց ո՞ր խմբերն են առավել հաճախ ենթարկվում խտրականության, և ի՞նչ հիմնական դրսևորումներ է այն ունենում։

-Ցանկացած տեսակի հաշմանդամություն ունեցող մարդ առնչվում է խտրականությանը։ Այն հիմնականում անուղղակի խտրականություն է, որը հանդիպում է ամեն քայլափոխի։

Սկսենք տեղաշարժման դժվարություններ ունեցող մարդկանցից, հատկապես՝ սայլակ օգտագործող։ Հանրային վայրերի գերակշիռ մեծամասնությունը հարմարեցված չէ այդ մարդկանց համար։ Եթե նույնիսկ մուտք գործելուն հարմարեցված է, ապա ներսում լիարժեք, մյուսներին հավասար գործունեություն ծավալելու հնարավորություն չկա։ Այստեղ ցանկացած մանրուք լուրջ դերակատարում կարող է ունենալ։ Ենթադրենք՝ հաշմանդամություն ունեցող անձը քաղաքից դուրս գտնվող ինչ-որ հյուրանոցում պետք է գիտաժողովի մասնակցի, որը մի քանի օր է տևում։ Կա թեքահարթակ, տեղաշարժվելու էական խոչընդոտներ չկան, բայց եթե չկա հարմարեցված սանհանգույց, արդեն բացառվում է տվյալ մարդու մասնակցությունը։ Խտրականությու՞ն է սա, թե՞ ոչ։ Իհարկե՛ խտրականություն է։

Կրթության ոլորտում կան նույնիսկ օրենքներ, դրույթներ, որոնք նպաստում են՝ հաշմանդամություն ունեցող անձինք սովորեն պետպատվերի շրջանակում, այստեղ կա դրական, հատուկ գործողություն՝ միտված խնդիրները լուծելուն։ Սակայն, բուհերի գերակշող մեծամասնությունը հարմարեցված չէ։ Փաստորեն, ունենալով նույն նախնական գիտելիքները, մրցունակ լինելով հանդերձ՝ մարդիկ չեն կարողանում կրթություն ստանալ։ Ստացվում է՝ խնդիրը մարդունն է, մինչդեռ իրականում խնդիրը միջավայրի անմատչելիությունն է։

Շատ ամպագորգոռ բաներ են ասում, թե ներառական կրթությունը մինչև 2025 թվականը 100%-անոց կլինի (հանրակրթության մասին է խոսքը, ոչ բարձրագույնի), բայց այստեղ էլ շատ բաներ ձևական են՝  անհրաժեշտ ենթակառուցվածքները չեն ապահովվում, երկրորդ հարկ բարձրանալ կամ ֆիզկուլտի դահլիճ գնալ հնարավոր չէ և այլն։

Եթե սայլակով տեղաշարժվող մարդկանց համար փողոցներն անցնելու ինչ-որ հարմարություններ կան, ապա տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար դրանք շատ քիչ են։ Մարդը դառնում է ուրիշից կախված, ինչն, ըստ մեզ, ևս խտրականության դրսևորում է։ Նրանք էական խնդրի են բախվում նաև ընտրությունների ժամանակ։  Թվում է՝ դա այդքան էլ էական չէ, մինչդեռ այն մարդու հիմնարար իրավունքներից մեկն է, նա նույն անձնագիրն ունի, ինչ մյուս քաղաքացիները, բայց չի կարողանում ինքնուրույն ընտրություն կատարել և պետք է ապավինի օգնողի ազնվությանը՝ չիմանալով՝ ում է ընտրել։ Ընտրատեղամասերի շենքային պայմանների անմատչելիությունը ևս խնդիր է։

Խուլ մարդկանց խտրականության հիմնական դրսևորումը ինֆորմացիա ստանալու հնարավորության խիստ սահամանափակ լինելն է։ Մենք կարող ենք հեռուստացույց դիտել 24 ժամ, ինչ ուզենք, իսկ իրենք միայն մեկ հաղորդում, որն իրենց հատկացված է։ Այս մեկ հաղորդումն էլ հաճախ ձևական բնույթ է կրում։ Օրենքում գրված է՝ թարգմանությունը պետք է լինի ժեստերի լեզվով կամ լուսագրերով։ Սակայն, վազող տողը անընդունելի է, քանի որ շատերը չեն հասցնում կարդալ, կամ էլ դրանք նույնիսկ չեն համապատասխանում այն պատկերին, որը տվյալ պահին ցուցադրվում է։

Խտրականություն կա նաև մարդկանց մտածելակերպում։ Օրինակ՝ զբաղվածության ոլորտում մենք շատ ակտիվ ենք, հարյուրավոր մարդկանց ենք աշխատանքի տեղավորել, սակայն ի՞նչ են հարյուրները, երբ պաշտոնապես 180 հազար հաշմանդամություն ունեցող անձ ունենք։ Նրանցից առնվազն 100 հազարը հաստատ աշխատունակ է, բայց կա 91% գործազրկության մակարդակ։ Բոլորս գիտենք, որ Հայաստանում ընդհանուր գործազրկության ցուցանիշը ևս բարձր է, սակայն ոչ այդքան։ Հաճախ շենքային պայմանների մատչելիության կամ այլ տեխնիկական խնդիրներ չեն լինում, սակայն գործատուի մտածելակերպի, դրսևորած խտրականություն պատճառով աշխատանք գտնել չեն կարողանում։ Նրանց մոտ ֆիքսված է, որ եթե հաշմանդամություն ունես, պիտի ստանաս թոշակ, նպաստ, բարեգործություն, բայց ի՞նչ աշխատանք։

– Առավելապես ո՞ր ոլորտներում են աշխատում հաշմանդամություն ունեցող անձինք։

-Ամենատարբեր ոլորտներում են աշխատում։ Դա էլ ապացուցում է, որ իրականում չկա սահմանափակում։ Սովետի տարիներին կային կույրերի, խուլերի կոմբինատներ, որտեղ աշխատանքը հստակ ֆիքսված էր ու շատ միապաղաղ, իսկ հիմա աշխատում են հեռահաղորդակցման ոլորտում՝ բջջային օպերատորներ են, աշխատում են բանկերում, ԱԻՆ-ում։ Չենք կարող հստակ ոլորտ առանձնացնել, կան բազմաթիվ դաշտեր, որտեղ, ըստ մարդու յուրահատկությունների, հմտությունների, նախասիրությունների ու հնարավորությունների, կարելի է օգտագործել այդ ներուժը։

-Խոսեցիք ներառական կրթության ձևական լինելուց։ Ամեն դեպքում այս ընթացքում այն որևէ դրական արդյունք գրանցե՞լ է գոնե խտրականության դեմ պայքարի տեսանկյունից։ 

-Դրական փոփոխություն կա հատկապես ծնողների մտածելակերպում։ Հիմա էլ չեն մտածում, թե դա ինչ-որ ահավոր բան է, էլ վախ չունեն, թե իրենց «նորմալ» երեխան պետք է «հիվանդ» երեխայի կողքին նստի։ Նրանք համոզվեցին, որ այդտեղ որևէ խնդիր չկա, խնդիրն իրենց ուղեղներում էր։ Ի դեպ, ի տարբերություն մեծահասակների՝ երեխաները մտածելակերպի այս խնդիրը չունեն։ Սա է երևի դրական կողմը, բայց չենք կարող ասել, թե սրանով Հայաստանում հաշմանդամություն ունեցող մարդկանց կրթության որակի մակարդակը բարձրացավ։ Թվերը նայենք՝ կասենք՝ հալալ է այդ պետությանը, բայց այդ երեխաներից շատերն իրականում կա՛մ չեն հաճախում դպրոց, կա՛մ հաճախում են ասենք մայրիկի հետ, մի անկյունում նստում, նկարում են, մինչ մյուսները դասապրոցեսով են զբաղված։ Սա օգուտի փոխարեն նույնիսկ վնաս է բերում։ 

-Ձեր նշած այս բոլոր խնդիրներն ավելի շատ հետևանք են օրենսդրական բացերի՞, թե՞ դրանց պատշաճ կերպով չկիրառման։

– Տեսե՛ք, 2007 թվականից արդեն օրենքով շինարարական պարտադիր նորմեր են սահմանված, որ գոնե նոր կառուցվող և կապիտալ վերանորոգում անցնող շենքերը պետք է հարմարեցված լինեն բոլորի համար, բայց այժմ էլ բազմաթիվ նախագծեր հաստատվում, իրագործվում են կոպիտ խախտումներով։ Դրանից հետո միայն երբեմն սկսում են ինչ-որ շտկումներ անել։ Այսինքն՝ կարելի է ասել՝ կիրառումը թույլ է, բայց օրենքներն էլ կարող էին ավելի հստակ լինել ու չկատարելու դեպքում պատժի լուրջ մեխանիզմներ սահմանել։ Բայց դրանք շատ մեղմ են գրված ու տարընթերցումների տեղիք են տալիս։

-Հաճախ շատերը խուսափում են հաշմանդամություն ունեցող անձանց հետ շփումից՝ ոչ թե որովհետև միտված են նրանց խտրականացնելու, այլ մտածում են՝ գուցե սխալներ թույլ տան ու վիրավորեն զրուցակցին։ Կա՞ ինչ-որ հատուկ մոտեցում՝ ինչպես է պետք հաղորդակցվել հաշմանդամություն ունեցող մարդկանց հետ։

-Եվ՛ կա, և՛ չկա։ Կան վարվելակերպի որոշ կանոններ, որոնք ցանկալի է իմանալ, օրինակ՝ երբ երկար ժամանակով պետք է զրուցես սայլակ օգտագործող մարդու հետ, ցանկալի է, որ աչքերը լինեն նույն հարթության վրա։ Դա ֆիզիկապես ավելի հարմար է, նաև հոգեբանորեն է ճիշտ՝ հավասարության տեսանկյունից։ Կամ եթե տեսողական խնդիրներ ունեցող մարդու հետ ճաշում ենք, ուղղակի լոգիկան է պետք օգտագործել, հասկանալ, որ նա չի տեսնում՝ ինչը որտեղ է դասավորված, և պետք է ուղղակի ասել դա։ Բայց այս ամենն իմանալը պարտադիր չէ, կարելի է ուղղակի հարցնել։ Հաճախ մտածում են՝ արդյոք օգնենք թե չօգնենք։ Չկա դրա հստակ պատասխանը, երբ տեսնում եք, որ օգնելու կարիք կա, պետք է հարցնել։ Հաշմանդամություն ունեցող մարդկանց հետ պետք է լինել անկաշկանդ, շփվել այնպես, ինչպես մյուսների հետ։ Ի վերջո, հաշմանդամություն չունեցող մարդու հետ շփվելիս էլ կարող ենք նրան ակամա վիրավորել։ Տարբերություն առանձնապես չկա։

-Հաշմանդամություն ունեցող անձինք Ձեր նշած խոչընդոտների պատճառով հաճախ խնդիրներ են ունենում հասարակությանը ինտեգրվելու ու պարփակվում են իրենց մեջ։ Նրանց օգնելու համար ինչ-որ հոգեբանական աշխատանքներ տարվու՞մ են պետության կամ հ/կ-ների կողմից։

-Նախ, ասեմ, որ մենք հիմա դեմ ենք ինտեգրման գաղափարին։ Նախընտրելի է ներառման տարբերակը։ Թվում է, թե հոմանիշներ են, բայց այդքան էլ այդպես չէ։ Ինտեգրումը ենթադրում է, որ կա ինչ-որ «նորմալ» հասարակություն և կողքին՝ հաշմանդամություն ունեցող մարդիկ, որոնց բարի, հոգատար հասարակությունը պատրաստ է ինտեգրելու։ Իրականում ներառումը ցանկացած գործունեության մեջ ավելի ճիշտ է։ Պետությունը հոգեբանական խնդիրների հարցում որևէ բանով չի օգնում, իսկ հ/կ-ները փորձում են տարբեր ծրագրերով ինչ-որ աջակցություն տրամադրել, եթե կարիք է լինում։

-Ի՞նչ հիմնական սխալներ են թույլ տալիս մեդիայի ոլորտում աշխատողները, որոնք խորացնում են խտրականությունը։

-Ունենք ներառական երգչախումբ, որտեղ հաշմանդամություն ունեցող անձինք մեծամասնություն են կազմում։ Շատ հաղթանակներ ունենք, մեդալներ ենք նվաճել, ընդ որում՝ միջազգային սովորական մրցույթներում, ոչ թե միայն հաշմանդամություն ունեցողների համար նախատեսված։ Բայց դրանք լուսաբանելիս որոշ լրատվամիջոցներ գրում էին՝ «սայլակին գամված երգիչները» կամ «չնայած իրենց վիճակին՝ հաղթահարեցին․․․» և այլն։ Սա, իհարկե, խորացնում է խտրականությունը։ Այսինքն՝ լուսաբանման և՛ ընդհանուր մոտեցումները, ուղղությունները, և՛ տերմինաբանությունը հաճախ սխալ է։ Օգտագործվում է ռուսերենից եկած «սահմանափակ կարողություններ ունեցող մարդիկ» արտահայտությունը, ինչը շատ անհաջող է և օրինակ զբաղվածության ոլորտում խոչընդոտում է աշխատանք գտնելուն։ Գործատուն չի ցանկանում սահմանափակ հնարավորություններով մարդու աշխատանքի ընդունել, այլ ուզում է կոմպետենտ, ակտիվ, լավ աշխատակից։ Եվ երբ մեդիան ասում է «սահմանափակ», շատ գործատուների մոտ ֆիքսվում է այդ բառը, ու մտածում են՝ կամ շատ բարի պիտի լինես իրենց ընդունելու համար, կամ ավելի լավ է՝ շառից հեռու մնալ։ Նաև կա սխալների հակառակ բևեռը, ինչպես հերոսացումը։ Գիտե՞ք՝ ինձ ինչքան են ասում, որ հերոս եմ, հաղթահարել եմ, բայց իրականում ի՞նչ եմ արել, ո՛չ հողեր եմ ազատագրել, ո՛չ մարդու կյանք եմ փրկել, ուղղակի աշխատում եմ, հ/կ եմ ղեկավարում, ո՞րն է սրա հերոսությունը։ Սա վատ է այն առումով, որ երբ առանձնացնում են մի քանի մարդու, ենթադրվում է, որ դրանք բացառիկ դեպքեր են, իսկ սովորականում հաշմանդամություն ունեցող մարդը չպետք է աշխատի, պիտի պասիվ կյանքով ապրի, փողոցներում գումար մուրա։ Պրոֆեսիոնալ լուսաբանումը կլինի այն, երբ նեյտրալ ձևով ներկայացվի այն, ինչ կա՝ չֆիքսվելով հաշմանդամության վրա, այսպիսով՝ մեղմելով անառողջ ուշադրությունը։

 Աստղիկ Քեշիշյան

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն