«Մենք Կտրիճ Ներսիսյանին (Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի աշխարհիկ անունը) կհամոզենք, որ Աստված կա, իսկ ժողովուրդն իր վրա իշխանություն ունի», – հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովին:
Վարչապետը կրկնեց իր ավելի վաղ արտահայտած միտքը, թե Կտրիճ Ներսիսյանը չի հավատում Աստծուն, և նա պետք է հեռանա, «ինչքան շուտ, այնքան լավ, և առանց ժողովրդական ներգործության»: Եթե կաթողիկոսը չհեռանա, «կլինի ժողովրդական ներգործություն», ասաց նա:
Կառավարության ղեկավարը հունիսին երկու շաբաթ ամեն օր եկեղեցականների և մասնավորապես Ամենայն Հայոց կաթողիկոսի մասին էր գրում: Սկսեց վիրավորանքներով, հետո պահանջեց, որ Մայր Աթոռը պարզաբանի՝ արդյո՞ք Գարեգին Բ–ն խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, ապա պնդեց, թե զավակ ունի, վերջում էլ Վեհարանը Վեհափառից ազատելու գործողությունների ծրագիր ներկայացրեց: