«Արցախը Հայաստան է ու վերջ» արտահայտությունն արել եմ, որովհետև հայրենասեր եմ եղել. Փաշինյան | civilnet.am

civilnet.am

«2019-ին «Արցախը Հայաստան է ու վերջ» արտահայտությունն արել եմ, որովհետև հայրենասեր եմ եղել»: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովի ժամանակ ՀՀ վարչապետ, կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է, թե ինչու է 2019-ին նման հայտարարություն արել, այն պայմանավորելով ժամանակին Հայաստանում գոյություն ունեցած հայրենասիրության մոդելով։

Վարչապետը նշել է, որ այդ հայտարարությունն արել է, «որովհետև հայրենասեր» է եղել։ Նա ընդգծել է, որ իր հայրենասիրության աստիճանը չի փոխվել. «Այժմ ոչ ավելի, ոչ էլ պակաս հայրենասեր եմ, այլ նույնքան հայրենասեր եմ»։

Ըստ Փաշինյանի, այս «աղաղակող հակասության» պատճառը հայրենասիրության ընկալման մոդելն է։

«Հիմա ես հայրենասեր եմ Հայաստանի սնուցող մայրերի հայրենասիրության մոդելով, 2019-ին հայրենասեր էի Հայաստանում առկա հայրենասիրության միակ մոդելով», – ասել է նա։

Խոսելով այդ հին մոդելի ակունքների մասին՝ Փաշինյանը պնդել է, որ այն ձևավորվել է խորհրդային տարիներին։

«Այդ մոդելը խորհրդային կայսրության, իսկ ավելի կոնկրետ՝ այդ կայսրության ղեկավարներ Ստալինի, Խրուշչովի, Բրեժնևի հանձնարարած մոդելն է», – հայտարարել է վարչապետը։

Նա մանրամասնել է, որ մինչև «իրական Հայաստանի գաղափարախոսությունը», հայրենասիրության ընկալումը մեծամասամբ հենվել է 1940-1980-ական թվականներին ստեղծված գրքերի, երգերի, բանաստեղծությունների և արվեստի այլ գործերի վրա։ Փաշինյանի խոսքով, թեև հայ մեծերը ջանք են դրել այդ գործերում ազգային հույզեր արտահայտելու, սակայն այդ ամենը «ի վերջո պարփակված է եղել խորհրդային միության գլավլիտով»՝ գրաքննության կազմակերպությամբ, որը վերահսկում էր բոլոր հրապարակումները։

«Եվ հետևաբար այդ բոլոր ստեղծագործությունները, որոնց հիման վրա ձևավորվել է հայրենասիրության մեր մոդելը, դրանք բոլորը ձևավորվել են գլավլիտի պայմաններում, և հետևաբար, առնվազն որոշ չափով արտահայտել են կայսրության վարած քաղաքականությունը և կառուցվել են այդ առանցքի շուրջ», – ընդգծել է նա։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև