Երևանում հարսանեկան արարողությունից հետո ռեստորանի մոտ տեղի ունեցած զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքով կալանավորվել է մեկ անձ

ՀՀ քննչական կոմիտեն պարզել է 2023 թ. փետրվարի 23-ին Երևան քաղաքի Կիևյան փողոցում գործող ռեստորաններից մեկի մոտ տեղի ունեցած զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի մի շարք հանգամանքներ:

Ինչպես  տեղեկանում ենք Կոմիտեի տարածած հաղորդագրությունից, քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 26-ամյա բնակիչը հիշյալ օրը, իր 27-ամյա ընկերոջ հետ Կիևյան փողոցում գործող ռեստորաններից մեկում մասնակցել է հարսանեկան արարողության: Ժամը 23:15-ի սահմաններում  երկուսով դուրս են եկել ռեստորանից և նստել 26-ամյա տղամարդու  կողմից շահագործվող «Օպել» մակնիշի  ավտոմեքենան, որից հետո վերջինիս 27-ամյա ընկերը ավտոմեքենայի ապակին իջեցնելով անծանոթ անձից պահանջել է կրակայրիչ: Այնուհետև  երկուսով գտնվելով ալկոհոլային արբածության վիճակում, իջել են ավտոմեքենայից և առանց որևէ առիթի վիճաբանել դրսում հավաքված մի խումբ անձանց հետ: Այդ ընթացքում 27-ամյա տղամարդը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, քաշքշել և հարվածներ է հասցրել հավաքված մի խումբ անձանց, իսկ 26-ամյա տղամարդը, նստելով  իր կողմից շահագործվող հիշյալ ավտոմեքենան, այն անկանոն վարելով հարվածել է փողոցում կայանված «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներին՝ պատճառելով գույքային վնաս: Շարունակելով իր հանցավոր գործողությունները վերջինս ավտոմեքենայով հարվածել է 2 քաղաքացիների՝ վերջիններիս պատճառելով մարմնական վնասվածքներ, որից հետո իր մոտ պահվող գազային ատրճանակով անկանոն կրակ է արձակել՝ նշված վայրում գտնվող անձանց մոտ ստեղծելով վախի և տագնապի զգացում:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են վնասված և վթարված վիճակում գտնվող հիշյալ երկու ավտոմեքենաները, ինչպես նաև հայտնաբերվել է մեկ հատ չկրակված փամփուշտ։

Հարուցված հանրային քրեական հետապնդման հիման վրա քննիչի կողմից Երևան քաղաքի 26-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, իսկ վերջինիս 27-ամյա ընկերոջը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը: 

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն