ՊՆ նախկին շենքի բնակիչներն այցելել են կառավարություն, որտեղ նրանց ընդունել եւ լսել են |news.am|

news.am: ՊՆ նախկին շենքի բնակիչներն այսօր՝ մարտի 2-ին, այցելել են կառավարություն, որտեղ նրանց ընդունել եւ լսել են: Հանդիպումից հետո բնակիչներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց. «Փոխանցեցինք մեր դիրքորոշումը, մեր պահանջները, երեւի թե մինչ այդ տեղ չէր հասել: Ոչ մի օղակ ուշադրություն չի դարձրել, որ ՊՆ նախկին շենքի դիմաց վրաններում երեխաներ կան, տարեցներ կան, այնտեղ նստացույց է: Մեզ ասում են՝ ձեր հարցը լուծվելու է: Մենք ակնկալում էինք, որ մեզ թողնեն վերադառնանք մեր բնարականներ, մինչեւ այդ հարցի վերջնական լուծումը, ժամանակավոր լուծում մենք չենք ընդունելու: Կարող էինք գալ համաձայնության, որ ոչ մի շինարարություն չենք անի, կթողնենք այնպես, ինչպես կա, ոստիկանությունն էլ կարող էր գալ ստուգել:

Միանշանակ մեր խնդիրը լուծվելու է, սոցապնախարարությունը ոչինչ չի արել: Երկրորդ օրը սոցապի աշխատողը բերել է 13 բանալի: Թե ինչ չափանիշով են բերել 13 բանալի, երբ դու գիտես, որ 117 բնակարան կա:

Սոցապնխարարությունից մոտեցել են, իրենց պահել են ՊԵԿ-ի փաստաբանի նման: Ասում եմ՝ քեզ ավելի շատ պետք է հետաքրքրի 5-6 ամսական երեխան կաթ կերել է, թե ոչ, քան ասես՝ դուք այստեղ չպետք է մտնեք: ՄԻՊ-ի գրասենյակը հասկացանք, որ գոյություն չունի: 4-րդ օրը նոր կարողացել ենք վրան դնել: Մենք շարունակելու ենք նստացույցը, մեր հարցի լուծումը ժամանակավոր չի լինելու: Մեր խնդիրը պետք է ստանա հիմնական լուծում»,-ասաց նա:

Հիշեցնենք՝ փետրվարի 16–ին, ոստիկանությունը ՊԵԿ–ի գրության հիման վրա, ապօրինի ներխուժումը վերացնելու պահանջով, այդ շենքերում ապրող  մարդկանց դուրս էր հանել շենքից։ Այդ օրը 26 անձ էր բերման ենթարկվել՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):

ՊՆ նախկին շենքը 2008 թվականից է դադարել ծառայել պաշտպանության նախարարությանը։ Նախորդ տարվա ապրիլին կառավարությունը որոշեց այն ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին, որն էլ հետո շենքը տրամադրեց ՊԵԿ–ին։ Այն պետք է դառնա կառույցի արտաքին տնտեսական գործունեության կենտրոնը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով