Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինը, որը Երևան է ժամանել երկու շաբաթ առաջ, հանդես է եկել տեսաուղերձով, որում անդրադառնում է իր ծննդավայր հայաշատ Կալիֆորնիային, պատմում իր առաջին հանդիպման մասին Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների հետ և ներկայացնում է այն վայրերը, որ հասցրել է այցելել Երևանում՝ ծանոթանալու Հայաստանի պատմությանն ու մշակույթին։
Դեսպանը խոսում է նաև Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատման ջանքերին աջակցելու, հայ-ամերիկյան հարաբերություններն ամրապնդելու, Հայաստանի պայծառ ու բարեկեցիկ ապագայի կերտմանը նպաստելու իր պատրաստակամության մասին։
Դեսպան Քվինը խոստանում է անել հնարավորը հայ-ադրբեջանական հակամարտության տեւական լուծման, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու համար․
«Հայաստանն արժանի է ապրել խաղաղ ու անվտանգ պայմաններում և հետամուտ լինել իր ընտրած քաղաքական ու տնտեսական ուղեգծին։ Հայ-ամերիկյան հարաբերություններն ամուր են ու կուռ, և ես ջանք ու եռանդ չեմ խնայի ամրապնդելու մեր կապերն ու օգնելու Հայաստանին կերտել պայծառ ու բարեկեցիկ ապագա», – ասել է դեսպանը։