Կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 14-ի. ԱՆ

Ժամը 19:00-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 14-ի: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից։ 
 
«Բոլորը հոսպիտալացված են: Պացիենտների առողջական վիճակը գնահատում է միջին ծանրության: Պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար»:
 
Կարմրուկի դեմ պլանային պատվաստումները չստացած երեխաների ծնողներին նախարարությունը հորդորում է դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին: Պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում:

Գերատեսչությունից ավելի վաղ հայտնել էին՝ վերջին շաբաթների ընթացքում կարմրուկի դեպքեր են գրանցվել ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի մի շարք երկրներում:

«Մինչ այժմ Հայաստանում գրանցվել էր կառավարելի վարակիչ հիվանդություններով պայմանավորված համաճարակային կայուն իրավիճակ, սակայն 2022 թվականի ընթացքում ակտիվացել են օտարերկրյա քաղաքացիների այցելությունները ՀՀ և այս միտումը շարունակվում է նաև այս տարի:
 
Այժմ Հայաստանում ևս սկսել են գրանցվել դեպքեր, որոնց ուղղությամբ իրականացվում են համաճարակաբանական հետազոտություններ երկիր ներթափանցած վարակի շրջանակները հստակեցնելու և հետագա տարածումը կանխելու նպատակով», – նշել էին նախարարությունից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով