Վարչապետի աշխատակազմի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսի այսօր առավոտյան տեղի ունեցած վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Այս առնչությամբ ՔԿ նախագահի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Պահպանելով անմեղության կանխավարկածի կանոնը՝ տեղեկացնեմ, որ Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան պողոտայում ավտոբուսի վթարման դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի հատկանիշներով( Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը)։
Նախնական տվյալներով երթևեկության ընթացքում բախում է տեղի ունեցել ուղևորափոխադրող ավտոբուսի և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի միջև, որի պատճառով ավտոբուսի վարորդը կորցրել է տրանսպորտային միջոցի կառավարումը և բախվել անկյունային բետոնե բաժանարարին։
Ավտովթարի հետևանքով ավտոբուսի վարորդը, ինչպես նաև 13 ուղևորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածներով տեղափոխվել են բուժհաստատություններ։
Իրականացվում են անհրաժեշտ քննչական, վարութային գործողություններ՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով։
Հիշեցնենք, որ Երևանի Մոնթե Մելքոնյանի պողոտայում վթարի է ենթարկվել վարչապետի աշխատակազմի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսը: Ավտովթարի հետևանքով տուժել է 14 քաղաքացի, նրանցից 1-ը հետազոտվել և դուրս է գրվել: Տուժածներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, 9-ը` միջին ծանրության, 1-ը` բավարար: