Կառավարությունում քննարկվել են բենզալցակայանների հրդեհային և տեխնիկական անվտանգության ապահովման հետ կապված հետագա քայլերը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը և Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը կառավարությունում խորհրդակցություն են անցկացրել  Երևանում գտնվող բենզալցակայանների և դրանց տեղակայման վայրերի հետ կապված հրդեհային ու տեխնիկական անվտանգության ապահովման հարցերի շուրջ:

Հանդիպմանը մասնակցել են ոլորտի պատասխանատուները և մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ:

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը մանրամասներ է ներկայացրել 209 բենզալցակայանում նախնական ստուգումների և հրդեհատեխնիկական հետազոտությունների արդյունքում ստացված եզրակացությունների մասին:

Հաշվի առնելով ոլորտում առկա խնդիրները՝ ընդգծվել է միջազգային ընդունված նորմերը, լուծման հնարավոր տարբերակներն ու այլընտրանքային եղանակներն ուսումնասիրելու անհրաժեշտությունը:

Տիգրան Խաչատրյանի խոսքով, ոլորտում կարգավորումները պետք է լինեն այնպիսին, որպեսզի չանտեսվեն մարդկային կյանքին սպառնացող վտանգները, ինչպես նաև ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների համար լինեն հասկանալի և կիրառելի:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, իր հերթին, կարևորել է բոլոր բնագավառներում սոցիալական պատասխանատվության հարցը և շեշտել, որ մարդու անվտանգությունը չպետք է լինի երկրորդ պլանում:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները՝ առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների ուղղությամբ անելիքները հասկանալու և դրանք լիարժեքորեն իրականացնելու համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն