Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ խոսեց Հայաստանի սուվերեն տարածքի օկուպացիայի խնդրի լուծման մասին․
«Այդ խնդիրների միքայլանի լուծում չեմ պատկերացնում։ Մեր պատմությունը, փորձը պիտի ցույց տա մեզ, որ պետք չէ անել, կներեք, ափալ-թափալ քայլեր, պետք է հետեւողական ռազմավարական մոտեցմամբ գնալ առաջ՝ մեր պետության շահերն ապահովելու եւ սպասարկելու համար։ Մենք արդեն ասել ենք, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, անկախությունը մեզ համար կարմիր գիծ են, բայց նաեւ մենք այդ խնդիրների ռազմավարական լուծում ենք պատկերացնում, երկարաժամկետ, տեւական, խոր եւ համապարփակ»,- ասաց նա։
Հարցին՝ արդյո՞ք այդ տարածքների օկուպացիան կարող է տարիներ շարունակ այդպես մնալ, ասաց․
«Գիտեք ինչ, 1994թ․-ից ի վեր ՀՀ-ն ունի օկուպացված տարածքներ․ Արծվաշենը, Տավուշի մարզի Պառավաքար գյուղի վարելահողերի 70 տոկոսը, Բերքաբերի ջրամբարի ձախ ափը՝ մինչեւ Օդնդաղ լեռ, որը ՀՀ ինքնիշխան տարածքն է, Այգեհովիտ գյուղի, Վազաշեն գյուղի տարածքները։ Այսինքն՝ էն, ինչ-որ ասում եք, մենք 94 թվից ունենք օկուպացված տարածքներ․․․»,- ասաց վարչապետը։