Ադրբեջանում խոսակցությունները ադրբեջանցի «փախստականների»՝ Հայաստանի իրենց նախկին բնակության վայրեր վերադարձի մասով հերթական ապացույցն են այն բանի, որ Ադրբեջանը տարածքային նկրտումներ ունի ՀՀ ինքնիշխան տարածքների նկատմամբ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես ուզում եմ ասել, եթե շատ անկեղծ լինենք, ԼՂ հարցով բանակցային գործընթացի փակուղի մտնելը հենց էդ պատճառով է տեղի ունեցել, որովհետեւ ակնհայտ է եղել, որ այ էս ագրեսիվ գործողություններից հրաժարվելու մտադրությունն Ադրբեջանը չունի ոչ մի պարագայում, եւ [վերը նշվածը] Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ապօրինի եւ ակնհայտ ոտնձգություն է, որը հակասում է Պրահայի եւ Սոչիի պայմանավորվածություններին եւ հայտարարություններին։ Այսինքն՝ Ադրբեջանը ագրեսիայի քաղաքականության նոր փուլ է սկսել»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը հիշեցրեց, որ շատ հաճախ Հադրութից բռնագաղթված ժողովուրդը կառավարության դիմաց ցույցեր է անում, եւ, մեծ հաշվով, մարդիկ ճիշտ են անում։
«Որովհետեւ, օրինակ, եռակողմ հայտարարության դրույթներից մեկն ասում է այն մասին, որ ներքին տեղահանվածները վերադառնում են ԼՂ եւ հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի հովանու ներքո։ Մինչ օրս Հադրութի ժողովրդին ոչ մեկը չի առաջարկել վերադառնալ իրենց տները, եւ դա եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է Ադրբեջանի կողմից․ մենք էդ հարցը անընդհատ բարձրացրել ենք եւ շարունակելու ենք բարձրացնել։ Նույնը Շուշիից բռնի տեղահանված հայությունը։ Ավելին ասեմ, ես կարծում եմ, որ հիմա, օրինակ, նաեւ մարդիկ, այդ թվում հայաթափված Նախիջեւանի ներկայացուցիչներն իրենք են հարցեր բարձրացնում ՀՀ կառավարության առաջ, եւ նրանք ասում են, որ Հայաստանի կառավարությունը խոչընդոտում է, որպեսզի իրենք իրենց իրավունքները պաշտպանեն»,- ասաց նա։
Փաշինյանը նշեց՝ գիտենք, որ Բաքվի, Սումգայիթի, Կիրովաբադի հայությունը տեղահանվել է, Շահումյանի, Գետաշենի հայության տեղահանման մասին գիտեք։
«Մենք երբեք չենք խոչընդոտել, ճիշտ ա, գուցե չենք էլ քաջալերել, եւ դա երեւի սխալ ա եղել, բայց մենք հաստատ չենք էլ խոչընդոտել, որպեսզի իրենք իրենց իրավունքները հետապնդեն։ Ընդ որում, Հայաստանից բռնի տեղահանման դեպքեր ընդհանրապես չեն գրանցվել, ավելին՝ մեր արխիվներում պահպանված են փաստաթղթեր, որ ՀՀ կառավարությունն (Սովետական Հայաստանի մասին է խոսքը) աստղաբաշխական թվերով փոխհատուցումներ է վճարել ադրբեջանցիներին։ Նրանք, ըստ էության, իրենց կամքով որոշել են գնալ, իհարկե ընդհանուր աշխարհաքաղաքական իրավիճակով, բայց Հայաստանում ադրբեջանցիների կոտորածներ չեն եղել, մինչեւ Սումգայիթում, Բաքվում, 44-օրյա պատերազմում Հադրութում, Շուշիում եղել է։ Նախորդ օրը պատահական Հայաստանի գյուղերից մեկն էի այցելել, եւ պարզվեց, որ գյուղի բնակիչները հարյուր տոկոսով Ադրբեջանից փախստականներ են, որոնք բռնի տեղահանվել են, ինչ էդ պահին հասցրել՝ հետները վերցրել են։ Էնպես որ, ոնց որ թե սա էն դեպքերից է, որ ասում են՝ «փոխանակ սելը ճռա, սելվորն է ճռում»»,- նշեց Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ Նախիջեւանի, Շահումյանի, Հադրութի, Շուշիի, Կիրովաբադի, Շամխորի, Բաքվի, Սումգայիթի, եւ շատ շրջանների հայերը իրենց իրավունքները հետապնդելու, փոխհատուցումներ պահանջելու լիարժեք իրավունք ունեն, և ըստ նրա՝ իրենք կօգտվեն իրենց իրավունքները հետեւողական պաշտպանելու պատեհությունից։