Ավտոմեքենանրի թերլիցքավորման դեպքում տնտեսվարողը կփակցնի «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» ցուցանակ |hetq.am|

hetq.am: Այսուհետ հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում թերլիցքավորման համար կփակցվի «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» ցուցանակ: Որոշման նախագիծը հաստատվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։

Ցուցանակը կփակցվի Տեսչական մարմնի ծառայողի ընտրած տեղում՝ մեկ ամիս ժամկետով:

Ցուցանակի վնասվելու դեպքում տնտեսավարողն անհապաղ պետք է տեղեկացնի Տեսչական մարմնին և 2-օրյա ժամկետում շտկի թերությունները:

Ցուցանակի տեքստը պետք է գրվի սպիտակ ֆոնի վրա, սև տառերով, կարմիր շրջանակի մեջ, կարմիր շրջանակի արտաքին չորս անկյուններում պետք է գրվի ՇՎՏՄ (ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմին)։

Բացի այդ, ցուցանակը երեկոյան ժամերին պետք է լուսավորված լինի: 

Որոշման նախագծի հիմնավորմամբ՝ սպառողների իրավունքների պաշտպանությունը չի կատարվում անհրաժեշտ մակարդակով, քանի որ սպառողները լցակայաններից օգտվելիս չունեն հանրային վերահսկողություն իրականացնելու գործիքակազմ և լցակայանների՝ նախկինում իրականացրած գործունեության վերաբերյալ տեղեկանալու հնարավորություն: 

«Սպառողները կկարողանան լցակայանից օգտվելիս QR կոդի միջոցով մուտք գործել համակարգ և ծանոթանալ տվյալ լցակայանի ընդհանուր գործունեությանը և գործունեության վերաբերյալ ամբողջական տեղեկատվությանը: Միաժամանակ, սպառողները հեղուկ գազի, բենզինի, բնական գազի և դիզվառելիքի լցակայաններից օգտվելիս կունենան հանրային վերահսկողություն իրականացնելու գործիքակազմ և լցակայանների՝ նախկինում իրականացրած գործունեության վերաբերյալ տեղեկանալու հնարավորություն»,- նշված է հիմնավորման մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն