news.am: Ադրբեջանական զինված ուժերը պարալիզացրել են Շուշիի 4 գյուղերի՝ Լիսագորի, Հին Շենի, Մեծ Շենի եւ Եղցահողի միջհամայնքային ճանապարհները։ Այս մասին ասաց Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Շուշի-Լիսագոր հատվածում շփման գիծը խախտելուն եւ դիրքային առաջխաղացում ապահովելուն։
Անդրադառնալով ադրբեջանական կողմի այն հայտարարություններին, թե Շուշիի գյուղերն իրենց վերահսկողության տակ են՝ Հակոբյանն ասաց. «Գյուղերը գրավված չեն, այլ միջհամայնքային ճանապարհներն են նշանառության տակ։ Նման հայտարարությունները խուճապային տրամադրություն տարածելու նպատակով են արվում։ Դա հերթական ապատեղեկատվությունն է»։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինված ուժերը մարտի 25-ին Շուշի-Լիսագոր հատվածում խախտել են նույն փաստաթղթով ամրագրված շփման գիծը եւ որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության տարածքում: