: 2005թ. դեկտեմբերի 8-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն ապրիլի 4-ը հռչակեց Ականների իրազեկման և հակաականային գործունեության աջակցության միջազգային օր: Այդ օրվանից ի վեր յուրաքանչյուր տարի ՄԱԿ-ը և միջազգային հանրությունը նշում է ապրիլի 4-ը՝ ընդգծելով ականազերծման գործողությունների ազգային կարողությունների ստեղծման և զարգացման կարևորությունը հատկապես այն երկրներում, որտեղ ականներն ու պայթուցիկ զինամթերքը սպառնում են քաղաքացիների անվտանգությանը, առողջությանը և կյանքին՝ խոչընդոտելով պետությունների սոցիալ-տնտեսական զարգացմանը։
Այս տարի Հայաստանում Ականների իրազեկման և հակաականային գործունեության աջակցության միջազգային օրը նշանավորվեց 2023-2027թթ․ Հակաականային գործունեության ազգային ռազմավարության և գործողությունների ծրագրի երկօրյա քննարկման մեկնարկով, որն իրականացվեց ՀՀ Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի հետ համագործակցությամբ՝ հակաականային գործունեության տարբեր հենասյուներում ներգրավված պետական և ոչ պետական, ինչպես նաև միջազգային կառույցների, միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների, ՄԱԿ-ի գործակալությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։
«ՄԱԶԾ-ի դիրքորոշումը միասնական է Եվրոպական հանձնաժողովի հետ այն հարցում, որ հակաականային գործունեությունն անհրաժեշտ է դիտարկել ավելի լայն՝ զարգացման համատեքստում, ինչն իր հերթին կնպաստի Եվրոպական հանձնաժողովի Գլոբալ ռազմավարության վեց սկզբունքների բարեհաջող իրականացմանը։ Նոր ռազմավարությունը կբարելավի հակաականային գործունեության ազգային ծրագիրը՝ հնարավորություն տալով Հումանիտար ականազերծման և փորձագիտական ազգային կենտրոնին արագ արձագանքել բոլոր առկա և հնարավոր մարտահրավերներին»,- իր բացման խոսքում նշեց Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկինը:
Հակաականային գործունեությունը Եվրոպական միության (ԵՄ) կարևորագույն առաջնահերթություններից է։ ԵՄ-ն այս ոլորտում ունի աջակցության տրամադրման երկար պատմություն՝ հասցեավորելով ականների և պատերազմի պայթուցիկ մնացորդների վտանգները հակաականային գործունեության բոլոր հենասյուներում։ Հակաականային գործունեությունը նաև ԵՄ խաղաղության և անվտանգության օրակարգի, հումանիտար ոլորտում արտակարգ իրավիճակներին արձագանքման և կայուն զարգացման կարևորագույն ուղղություններից է։
Աշխատանքային քննարկումը տեղի է ունեցել Եվրոպական հանձնաժողովի ծառայության արտաքին քաղաքական գործիքակազմի ֆինանսավորմամբ և ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող «Հայաստանում ականազերծման ազգային կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում։