Կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Իշխան Բարսեղյանի պատիժը մնացել է անփոփոխ |hetq.am|

hetq.am: Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Իշխան Բարսեղյանին 7 տարի ժամկետով ազատազրկելու վերաբերյալ առաջին ատյանի դատավճիռը, իսկ կաշառք ստանալու միջնորդություն կատարելու մեջ մեղադրվող փաստաբան Էլզա Զաքարյանի նկատմամբ համաներում է կիրառվել և քրեական հետապնդումը դադարեցվել: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Հիշեցնենք, որ Իշխան Բարսեղյանը 2018 թվականի օգոստոսի 6-ի դատավճռով մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու մեջ (դատավորի կողմից առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալը) և դատապարտել ազատազրկման 7 տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման:

Փաստաբան Էլզա Զաքարյանը մեղավոր էր ճանաչվել Քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ (Կաշառքի միջնորդությունը՝ կաշառք տվողի և կաշառք ստացողի միջև կաշառքի շուրջ համաձայնության գալուն կամ արդեն կայացած համաձայնության իրականացմանը նպաստելը) և դատապարտվել տուգանքի` նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի՝ 120.000 ՀՀ դրամի չափով:

Դատական ակտի դեմ վերաքննիչ բողոքներ էին տարել և՛ Իշխան Բարսեղյանը, և՛ Էլզա Զաքարյանը: Իշխան Բարսեղյանն առաջին ատյանում գործի դատաքննության ամբողջ ընթացքում գտնվել է կալանքի տակ, սակայն Վերաքննիչ դատարանում նրա նկատմամբ ընտրված կալանավորումը փոխարինվել էր ազատազրկման հետ չկապված խափանման միջոցով:

Իշխան Բարսեղյանը ձերբակալվել էր 2016-ի հոկտեմբերի 27-ին՝ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում։

x