Սիգի ապօրինի իրացման փաստերի առթիվ քրեական գործ է հարուցվել

Սիգ ձկնատեսակի ապօրինի որսի և իրացման փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Ինչպես հաղորդում են գլխավոր դատախազությունից, ԶԼՄ հրապարակումների հիման վրա գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրություն է կատարվել արդյունագործական, գյուղատնտեսական և սոցիալական նպատակներով ձկնորսության, մասնավորապես սիգ ձկնատեսակի օգտագործման ոլորտում, և սիգի որսի արգելված լինելու պայմաններում հայտնաբերվել են 2017-2018 թթ. պահածոյացման, արտահանման և այլ նպատակներով ավելի քան 44 000 կգ սիգի իրացման փաստեր։

Փաստերի ստուգման հարթակը հուլիսի 15-ին հետաքննություն էր հրապարակել, որում ներկայացված էր, թե ովքեր են կանգնած պահածոյացված սիգի արտահանման բիզնեսների հետևում։ Սիգը արտահանվում է ԱՄՆ ու Ռուսաստան։ Սիգի արդյունահանմամբ զբաղվող ընկերություններից մեկն էլ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի զոքանչին՝ Հեղուշ Գալստյանին պատկանող «Գալիալիա» ՍՊԸ-ն է։ Ուշագրավ է, որ 2014-2017 թթ. «Գալիլիա» ՍՊԸ-ի տնօրենն է եղել Վահե Գուլանյանը, որը ներկայում «Սևան ազգային պարկի» տնօրենն է։

«Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից 2019 թ. հունվարին կատարված ստուգմամբ՝ Գեղարքունիքի մարզում գործող ՍՊ ընկերությունում արձանագրվել է պահեստում առկա 2018 թ. մարտ ամսվա արտադրության շուրջ 6000 կգ «Սևանի սիգ» տեսակի ձկան պահածո: Նշված ընկերության կազմած թվով 20 գնման ակտերի համաձայն` ընկերությունը 2017 թ. հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին Ծովագյուղի ձկան շուկայից ձեռք է բերել շուրջ 11.550 կգ` ընդհանուր շուրջ 5 մլն. 600 հազար դրամի սիգ ձկնատեսակ, պահեստավորել սառնարաններում և 2018 թ. հունվար-փետրվար ամիսներին արտադրել սիգի պահածոներ:

Արարատի մարզում գործող մեկ այլ ՍՊ ընկերությունում կատարված ստուգմամբ արձանագրվել է, որ ընկերության ներկայացրած փաստաթղթերի համաձայն՝ ընկերությունը ԼՂՀ-ում գրանցված հասարակական կազմակերպությունից 2017 թ. դեկտեմբերի 6-ին 4 մլն. 800 հազար դրամով ձեռք է բերել 10.000 կգ սիգ ձկնատեսակ:
Պարզվել է նաև, որ մեկ այլ ՍՊ ընկերության կողմից էլ 2018 թ. մարտ-օգոստոս ամիսների ընթացքում Ռուսաստանի Դաշնություն է արտահանվել շուրջ 14.876 կգ ապխտած սիգ ձուկ:

Նշված ՍՊ ընկերության կողմից դուրս գրված հարկային 2 հաշիվների համաձայն` վերջինս մեկ այլ ՍՊԸ-ից ձեռք է բերել 7.700 կգ կենդանի սիգ ձկնատեսակ` մատակարարման վայրը նշելով Վայոց Ձոր` «Հեր-Հեր» ջրամբար:

«Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» օրենքի համաձայն սիգ տեսակի ձկան ապօրինի որսի և (կամ) ոչնչացման դեպքում յուրաքանչյուր կիլոգրամի համար պատճառված վնասի հատուցման նվազագույն սակագինը սահմանվել է 1000 դրամ։

Ուսումնասիրությունների արդյունքներով՝ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում` առանձնապես խոշոր չափերով ակնհայտ հանցավոր ճանապարհով գույք ձեռք բերելու կամ իրացնելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ձկներ կամ ջրային այլ կենդանիներ արդյունահանելու, խոշոր վնաս պատճառելու հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ»,- նշված է դատախազության տարածած հաղորդագրության մեջ։

x