tert.am Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գիտական խորհուրդը երեկ չի հաստատել այն կանոնակարգը, որի հիման վրա հայտարարված էին մրցույթներ և իմ վստահորդ դասախոսները պահպանում են իրենց աշխատանքը։ Այս մասին տեղեկացնում է ՀՊՏՀ մի խումբ դասախոսների փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:
Հիշեցնենք, որ ՀՊՏՀ մի խումբ դասախոսներ դատի էին տվել բուհի ռեկտորի արդեն նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանին՝ պնդելով, թե նրա նախաձեռնությամբ բուհում թափուր դասաժամերի համար մրցույթի հայտարարումը հակասում է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքին: Ռուբեն Հայրապետյանն իր հերթին նշել էր, որ պրոֆեսորադասախոսական կազմի փոփոխությունները կարևոր դեր ունեն նաև կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում:
Անդրադառնալով դատական գործընթացին՝ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը նշեց, որ Դատախազությունը վարույթ չի ընդունել հայցը և դրանով իսկ ակնհայտ ապօրինի որոշում է կայացրել, և իրենք որոշումը քննարկում են դասախոսների հետ՝ հասկանալու համար դա բողոքարկե՞ն դատարան, թե ոչ:
«Գրել են, որ ակնհայտ վարչաիրավական բնույթ են կրում այդ հարաբերությունները, սակայն մենք այստեղ հստակ ֆիքսել ենք, որ Ռուբեն Հայրապետյանը հունիս 28-ից հետո ապօրինի է ռեկտոր եղել ու կայացրել է ֆինանսական միջոցները տնօրինելու ապօրինի որոշումներ՝ պարգևավճարներ է վճարել, հրամաններ է ստորագրել և այլն: Սրանք ակնհայտորեն վարչաիրավական չէին կարող լինել, քանի որ այլ պաշտոնատար անձի իշխանություն յուրացնելու և ինքնիրավչության հատկանիշներ են պարունակում: Հիմա այս վիճակն է, որ մերժված է ըստ էության»,-ասաց նա:
Հարցին, թե որն է լինելու նրանց հաջորդ քայլը, փաստաբանը պատասխանեց, որ կա՛մ, այնուամենայնիվ, կգնան դատական կարգով բողոքարկման, կա՛մ կփորձեն նոր հիմքեր ներկայացնել, որպեսզի Դատախազությունը քրեական գործ հարուցի:
«Եթե իմ վստահորդ դասախոսները ցանկություն հայտնեն այս առումով շարունակել մեր իրավական գործընթացները, մենք պետք է ներկայացնենք Դատախազություն հստակ ֆիքսված թվային արտահայտությամբ, թե ում ինչքան պարգևավճար է տրվել։ Այսինքն՝ ֆինանսական ապօրինի տնօրինման հանգամանքները կներկայացնենք Դատախազությանը: Սակայն, քանի որ ես փաստաբան եմ ու կաշկանդված եմ իմ վստահորդի շահերով, բոլոր դեպքերում որոշում կայացնողը իրենք են լինելու»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե ՀՊՏՀ ռեկտորի ժ/պ Դիանա Գալոյանի նշանակումն էլ ապօրինի է, արդյոք պրոֆեսորադասախոսական կազմի մոտ նման մոտեցումներ ևս կան, Ալեքսանդր Կոչուբաևը նախ հստակեցրեց, որ ի սկզբանե ինքը և իր դասախոսները նշել են, որ այս գործընթացն անձերով պայմանավորված չէ:
«Մենք անգամ խնդիր չունեինք Ռուբեն Հայրապետյանի հետ, եթե մեր կողմից վիճարկվող կանոնակարգը վավերացվեր, այս ամբողջ գործընթացը ևս մենք չէինք իրականացնի Ռուբեն Հայրապետյանի դեմ, և Ռուբեն Հայրապետյանն ստիպված գնաց հրաժարականի»,– ասաց նա:
Փաստաբանը նշեց, որ հիմա ևս իրենց օրակարգում չկա Դիանա Գալոյանի հրաժարականը, «քանի որ նա, կարծես թե, լեգիտիմ ռեկտոր է և ընդունելի է պրոֆեսորադասախոսական անձնակազմի կողմից և նրանց օրակարգում նման խնդիր չկա»:
«Չի քննարկվում՝ Դիանա Գալոյանն ապօրինի՞ է պաշտոնավորում, թե ոչ, սակայն ինքնին փոքր վերապահումներով խախտումներ կան իր նշանակման գործընթացում, սակայն ոչ իր մեղավորությամբ: Այստեղ նա որևէ մեղավորություն չունի, հրամանն է մի քիչ խնդրահարույց, այն առումով, որ մրցույթ չի անցկացվել, թեև կրկին ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել, սակայն կրկնում եմ, որ նրա հրաժարականը չկա»,-ասաց նա: