Եգիպտոսի հայկական դեսպանության աշխատակազմի վերաբերյալ կեղծ տվյալներ՝ Հանրայինի եթերում |fip.am|

fip.am: Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը Հուրգադայում մնացած հայ զբոսաշրջիկների մասին հուլիսի 31-ի ռեպորտաժում կեղծ տվյալներ է ներկայացրել Եգիպտոսում Հայաստանի դեսպանության աշխատակազմի վերաբերյալ։

Հանրայինի պատրաստած ռեպորտաժում, մասնավորապես, ասվում է․ «Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունը մեծաթիվ անձնակազմ չունի. աշխատում են միայն դեսպանն ու հյուպատոսը»։

Fip.am-ին հետաքրքրեց Հանրայինի եթերում ներկայացվող՝ դեսպանության աշխատակիցների թվի հետ կապված դրվագը։ Խմբագրությունը կապ հաստատեց արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի հետ, որը նշեց, որ ՀՀ դեսպանությունների մեծ մասում աշխատակազմը նույնն է․դեսպան և մեկ դիվանագետ, որը կատարում է ինչպես քաղաքական, այնպես էլ՝ հյուպատոսի պարտականությունները։ Եգիպտոսում ՀՀ դեսպանության պարագայում՝ աշխատում է նաև երկու տեխնիկական օգնական։

Այսինքն՝ Հանրայինի եթերում նշված տեղեկատվությունը, թե Եգիպտոսում ՀՀ դեսպանատանն աշխատում են միայն դեսպանն ու հյուպատոսը, իրականությանը չի համապատասխանում։ Միևնույն ժամանակ, սակայն, հարկ է արձանագրել, որ ՀՀ քաղաքացիների վերադարձը Հայաստան բացառապես դեսպանի և հյուպատոսի գործառույթն է։

ԱԳՆ խոսնակը փոխանցեց նաև, որ Եգիպտոսում Հայաստանի դեսպանությանը վերաբերող ԱԳՆ պաշտոնական կայքում առկա տվյալները ևս չեն համապատասխանում ներկա իրականությանը։ Ի դեպ, այդտեղ նշված է, որ աշխատակազմը բաղկացած է 5 անձից։

Հիշեցնենք, որ A&R tour ընկերության միջոցով Երևանից Հուրգադա մեկնած ավելի քան 100 հայ զբոսաշրջիկներ չէին կարողացել վերադառնալ Հայաստան՝ թռիչքի չեղարկման պատճառով։ Զբոսաշրջիկների մի մասը մնացել էր օդանավակայանում, որոշներն էլ հաստատվել էին հյուրանոցներում։ Հուլիսի 26-ին և 29-ին Հայաստանի կառավարության ֆինանսավորմամբ իրականացված երկու հատուկ չվերթներով Հայաստան վերադարձավ զբոսաշրջիկների մի մասը։ Մյուս մասի համար հատուկ չվերթ կլինի օգոստոսի 1-ին։

x