«Եթե մեր ուզածը չեղավ, կենտրոնական ճանապարհ և երկաթգիծ կփակենք». Լոռու որոշ համայնքներում դեմ են խոշորացմանը |factor.am|

factor.am։ Հայաստանում առաջիկայում նախատեսվում է իրականացնել համայնքների խոշորացման ծրագրի հերթական փուլը: Լոռու մարզից, ի թիվս այլ համայնքների, խոշորացվողների մեջ կլինեն նաև Փամբակ և Ձորագյուղ համայնքները, որոնք պետք է միանան Դսեղին:

Փամբակը Վանաձորին կից համայնք է, հիմնադրվել է 1894 թվականին: Այժմ գյուղն ունի 420 բնակիչ և 172 տնտեսություն: Գյուղը մարզի հողազուրկ համայնքներից է համարվում: Վարելահողեր այստեղ չկան՝ համայնքն ունի ընդամենը 14 հա խոտհարք և 150 հա արոտավայր: Բնակիչները մշակում են միայն տնամերձ հողատարածքները:

«Մարդիկ տարիներ շարունակ նույն հողամասում, նույն բերքն են մշակել: Հողերը էռոզացվել են, հումուսը պակասել է, բերքը վատ է լինում, այլևս բերրի չեն հողերը: Ջուր չունենք, որ հողերը ջրենք, խմելու ջրով էլ չի կարելի, որովհետև ջրերը քլորացված են, եթե ջրեն, ամեն ինչ կփչանա: Այսինքն՝ մնում ենք անձրևի հույսին: Աստված տվեց՝ ունենք, չտվեց՝ չունենք: Ես ոռոգման ջուր բերելու իմաստը չեմ էլ տեսնում, զուտ նրա համար, որ ոռոգելու բան էլ չունենք, այսինքն՝ վարելահող չունենք: Ընդամենը տնամերձի համար բերենք, ծախսը շատ կլինի»,- ասում է Փամբակի համայնքապետ Սամսոն Ուլիխանյանը:

Այստեղ տարեցտարի նվազում է նաև անասնապահությամբ զբաղվողների թիվը, ասում են՝ այլևս եկամտաբեր չէ: Այժմ գյուղում կա 104 խոշոր եղջերավոր անասուն և 10 ոչխար: Համայնքապետն ասում է, որ գյուղում դեմ են համայնքների խոշորացմանը, հատկապես, եթե համայնքը պետք է միանա Դսեղին: Ուլիխանյանի խոսքով՝ եթե խոշորացնեն, ապա միայն Վանաձորի հետ միավորվելու դեպքում համաձայն կլինեն. «Վանաձորի ցուցանակը Փամբակի ցուցանակից 3 կմ է հեռու, իսկ մինչև գուղապետարան՝ 6 կմ:

Էս 6 կմ թողնում են, մեզ ուզում են միացնեն Դսեղ համայնքին, որը մեզնից հեռու է մոտ 25 կմ: Մեր ամեն ինչն է կապված Վանաձոր քաղաքի հետ՝ առևտուրը, երեխաների սովորելը, սպորտային պարապմունքները»: Գյուղապետն ասում է, որ եթե իրենց կարծիքը հաշվի չառնեն, բնակիչները պատրաստ են իրենց ձայնը տեղ հասցնելու համար այլ քայլերի դիմել. «Դա ես չեմ ասում, ժողովուրդն է ասում: Եթե մեր ուզածը չեղավ, ժողովուրդն արդեն բողոքելու պրակտիկ ձև ունի՝ կենտրոնական ճանապարհ ու երկաթգիծ կփակենք:

Ես այդ գաղափարին դեմ եմ, բայց ոչ մեկը չի ուզում, որ դեպի Դսեղ գնանք: Առաջ տանելու փոխարեն հետ քայլ ենք անում, դա ճիշտ չէ»,- ասում է Սամսոն Ուլիխանյանը։ 

Ավելին՝ factor.am-ում

x