shantnews.am: Հայաստանում գործող 15 վերգետնյա հեռարձակողներ ստեղծել են «Վերգետնյա հեռարձակողների ասոցիացիա»-ն:
Ասոցիացիայի նախագահ Դավիթ Հակոբյանի խոսքով՝ նոր ձևավորված մարմնի հիմնական նպատակը հեռարձակողների իրավունքների պաշտպանությունն է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ասպարեզում, օրենսդրական բացերի լրացումը և , ընդհանրապես, այն խնդիրների լուծումը, որոնց բախվում են հեռարձակողները:
«Սա մի հարթակ է, որը կարող է լինել կապող օղակ հեռարձակողների ու օրենսդիր կամ այլ մարմինների միջև: Այժմ միավորվել է 15 հեռարձակող, սակայն մենք բաց ենք, կարող են միանալ նաև մյուսները»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ասոցացիայի նախագահ Դավիթ Հակոբյանը:
Դավիթ Հակոբյանն առանձնացրեց խնդիրներից մի քանիսը: Նրա խոսքով՝ լինում են դեպքեր, արտերկրում օգտագործում են հայկական հեռուստաընկերությունների արտադրանքն առանց թույլտվության, մինչդեռ տվյալ արտադրանքի սեփականատերը գումար է ծախսել, որ ունենա արդյունք:
Ասոցացիայի ստեղծման նախաձեռնողների է նաև «Շանթ» հեռուստաընկերությունը: Հեռուստաընկերության իրավաբանի կարծիքով՝ այսպիսի հարթակ պետք է ստեղծվեր դեռ 25 տարի առաջ, որ հեռարձակողները չբախվեին այնպիսի խնդիրների, որոնց առաջ այսօր կանգնել են: Իրավաբանը որպես օրինակ նշեց «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենսդրական նախաձեռնությունը, որը մշակվել է առանց շահագրգիռ կողմերի հետ քննարկման:
Սիմոն Ֆարմանյանի խոսքով՝ նախագծի վերաբերյալ քննարկումներին չմասնակցելու պատճառն էլ միգուցե հենց համատեղ մարմին չունենալու բացն է եղել:
«Պետք է բարձրացվեին բոլոր հարցերը, դրանք որպես խնդիր ձևակերպվեին, հետո սկսեինք, ենթադրենք, միջազգային փորձի ուսումնասիրում, տեղայնացում, դրա հիման վրա առաջարկեինք լուծումներ: Գուցե նման բան արել են, ես չգիտեմ, բայց առանց մեզ հետ շփվելու չեմ կարծում, որ կարողանային պատշաճ իրականացնել: Մենք մշակենք օրենք, շատ լավ բաներ գրենք, եթե ի կատար չի ածվելու կամ ի կատար ածվելուց հետո շատ վատ հետևանքներ է բերելու, դա ոչ մեկին պետք չէ: Հենց սրա մասին է խոսքը: Մինչև իրավաբանը նստի, օրենքը գրի, պետք է համապատասխան
ուսումնասիրություններ կատարվեն՝ լավ, այս օրենքը գրեցինք, մասնավոր մուլտիպլեքսը ստեղծվելո՞ւ է, թե՞ չի ստեղծվելու, մրցակցային ի՞նչ խնդիրներ են առաջանալու»,-նկատեց «Շանթ» հեռուստաընկերության իրավաբանը:
Ըստ նրա՝ հասկանալի չէ, թե այս օրենքն ինչ խնդիրներ է լուծելու: