Եզրակացությունների համար 5-օրյա ժամկետում կներկայացվի հրդեհների լիարժեք ուսումնասիրություն |shantnews.am|

shantnews.am: Օգոստոսի 16-ին Փրկարար ծառայությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր փրկարար ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, փ/ծ գեներալ մայոր Վրեժ Գաբրիելյանը:

Մարզային փրկարարական վարչությունների պետերը, կառուցվածքային ստորաբաժանումների մասնակից ղեկավարները ծառայության Վ. Գաբրիելյանին զեկուցեցին օգոստոսի 10-16 հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքների ամփոփ տեղեկատվությունը:

Լսելով զեկույցները՝ գեներալն առանձնահատուկ անդրադարձավ երկրում տիրող հրդեհավտանգ իրավիճակին, որի հիմնական պատճառը եղանակային բարձր ջերմաստիճանով պայմանավորված մարդկային գործոնն է: Պատասխանատու վարչություններին հանձնարարվեց 5 օրյա ժամկետում ներկայացնել հասարակական հնչեղություն ունեցած հրդեհների ամբողջական ուսումնասիրությունները՝ հրդեհների բռնկման վերլուծությունների և եզրակացությունների համար:

Վ. Գաբրիելյանը տեղեկացրեց, որ այսուհետ հայտնաբերված և վնասազերծված պայթուցիկ արկերի, սարքավորումների ոչնչացումն իրականացվելու է նախարարության միջոցներով՝ համապատասխան տարածքում: Նա նշեց, որ գործառույթն արդեն սկսված է:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ պարոն Գաբրիելյանը նշեց, որ Սյունիքի մարզի Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհին՝ «Արևիկ» ազգային պարկի մոտակա անտառում, կան ծխացող օջախներ, որտեղ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատները շարունակում են իրականացնել հրդեհաշիջման աշխատանքներ: Տրված է հրդեհի մեկուսացում: Դեպքերի ընթացքից ելնելով՝ կոչ արեց լինել ավելի զգոն՝ պատրաստ լինելով կատարել իրավիճակից բխող գործողություններ:

Հաշվետու ժամանակաշրջանում «911» ծառայության կենտրոնական ահազանգման կենտրոնում սպասարկվել է 21.575 զանգ: Բժշկական և հոգեբանական խորհրդատվության գծով սպասարկվել է համապատասխանաբար՝ 26 և 12 ահազանգ: Հակահրդեհային ազդարարման համակարգով սպասարկվել է 74 ահազանգ, «911 SMS» համակարգով գրանցվել է 214 հաղորդագրություն: Գրանցված հրդեհներից 16-ը տեղի են ունեցել շենք-շինություններում, 192-ը՝ բուսածածկ տարածքներում (այրվել է մոտ 377 հա տարածք):

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով