ՍԴ-ն վարույթ է ընդունել ՔՕ-ի 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը. այդ հոդվածով մեղադրվող որևէ անձ չի կարող լինել կալանավորված |tert.am|

tert.am: «Մարտի 1»-ի գործով որևէ գործողություն չի կատարվում: Եթե իրավական տեսանկյունից փորձենք մեկնաբանել, թե որն է դրա պատճառը, ապա դա կարող էր լինել վարույթը կասեցնելը, այս պարագայում որևէ դատավարական գործողություն չի կարող լինել:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սահմանադրական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը:

«Եթե պարզվի՝ սա է արգումենտներից մեկը, որով այս ամենը պատճառաբանվում է, այդ դեպքում առհասարակ կալանավորում չէր կարող լինել, որովհետև կասեցված վարույթը բացառում է դատավարական գործողությունների կատարումն, այդ թվում՝ կալանավորումը, բայց կասեցման որոշումը բեկանելու մասին որոշումն ուժի մեջ էր մտել հրապարակման պահից, հետևաբար գործողությունները պարտավոր էին ձեռնարկվել հենց այդ պահից սկսած:

Բացի այդ իրավակիրառական պրակտիկայում բազմաթիվ են դեպքերը, երբ քրեական գործում առկա են լինում գործն, ըստ էության, չլուծող դատական ակտի դեմ վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք, և, ըստ էության քննությունը շարունակվում է, որևէ կերպ չի արգելակվում, քանի որ դրանք զուգահեռ գործընթացներ են առանց միմյանց բացառելու: Այս պարագայում ունենք աննախադեպ երևույթ, որին նախկինում առնվազն ես և իմ գործընկերները որևէ անգամ չենք հանդիպել»,- ասաց նա:

Բացի այդ, Վարդևանյանը նշեց, որ հենց արդար դատաքննության իրավունքը եթե հաշվի առնեն, կալանավորման նախապատրաստական փուլի լսումներն էլ 2018 թվականի հուլիսին Սահմանադրական դատարանի կողմից ընդունված որոշման ուժով են:
«Այսինքն՝ մինչև այդ դատավորներն իրենց աշխատասենյակում էին որոշում՝ արդյոք կալանավորումը, եթե առկա է, շարունակվում է կիրառվել, թե ոչ:

Եթե այդ որոշմանը ծանոթանաք, կտեսնեք՝ այն մեկ նպատակ է հետապնդում՝ անձին ապահովել լսվելու իրավունք, իսկ այս պարագայում ոչ թե լսվելու իրավունքի մասին ենք խոսում, որովհետև վերաքննիչ ատյանում դա չապահովվեց, այլ նաև հիմա առհասարակ որևէ գործողություն դրա վերաբերյալ չի իրականացվում»,- ասաց նա:

Ըստ Վարդևանյանի՝ այս տեսանկյունից պետք է հաշվի առնել, որ Սահմանադրական դատարանի վարույթ է ընդունվել քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը: Սա նշանակում է, որ այդ հոդվածով որևէ անձ չի կարող լինել անազատության մեջ՝ խափանման միջոց կալանավորման տեսքով: Առհասարակ չի կարող, որովհետև որևէ դեպքում հիմնավոր կասկած 300.1 հոդվածով չի նախատեսվում: Իրականում այս հարցին անհապաղ պետք է լուծում տրվեր, այսինքն` անհապաղ պետք է վարույթն իրականացնող մարմինը՝ դատարանը, դրան արձագանքեր»:

x