RElection [#1] Ընտրական բարեփոխումների գործընթացում որևէ առաջընթաց չկա․ Դանիել Իոաննիսյան

Հետհեղափոխական Հայաստանի օրակարգային հարցերից մեկն ընտրական բարեփոխումներն էին։ 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ ստեղծվել էր վարչապետին կից ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողով, որը բարեփոխումների հայեցակարգ էր մշակել։ Նախագիծը, սակայն, չընդունվեց այն ժամանակվա Ազգային ժողովի կողմից։

Այժմ Infocom-ը սկսում է ընտրական իրավունքի թեմայով RElection հարցազրույցների շարքը։

Զրուցել ենք «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի հետ։ Նա նաև վերը նշված հանձնաժողովի քարտուղարն էր։

 -Մոտ 4 ամիս առաջ ԱԺ նախագահը քաղաքական ուժերին հրավիրեց սկսելու ընտրական բարեփոխումների մշակման փուլ։ Սակայն, մինչև օրս սրան տեսանելի գործընթացներ չեն հետևել։ Դուք ի՞նչ եք կարծում, կարո՞ղ ենք համարել, որ այս հարցը դուրս է մղվել հանրային-քաղաքական օրակարգից։ 

-Այո՛, մոտ չորս ամիս անցել է խորհրդարանի նախագահի այդ հայտարարութունից, և այն տեղեկությունները, որ ես ունեմ, հիմք են տալիս պնդելու, որ իրականում ոչ միայն տեսանելի որևէ առաջընթաց չկա, այլև առհասարակ որևիցե տեսակի առաջընթաց չկա։ Սա գլոբալ խնդիր է նաև այլ ռեֆորմների մասով, որովհետև ժողովրդավարական բոլոր բարեփոխումները, բացառությամբ թերևս հակակոռուպցիոնի, կանգնած են։ Վերջինս էլ ոչ թե խորհրդարանում է առաջ շարժվում, այլ գործադիրում։ Այն բարեփոխումները, որ խորհրդարանը պետք է առաջ տաներ՝ «Կուսակցությունների մասին» օրենք, Ընտրական օրենսգիրք, դատական բարեփոխումներ, բոլորը կանգնած են տեղում։

-Խոսենք ձեր ներկայացրած հայեցակարգից։ Դրա հիմնական դրույթներից էր ռեյտինգային ընտրակարգի վերացումն ու անցումը լիարժեք համամասնականի։ Ընդդիմախոսները, սակայն, պնդում էին, որ դրանով կտրվում է անմիջական կապը ընտրողի և պատգամավորի միջև, և բացի այդ թեկնածուները ստիպված պետք է կապված լինեն կուսակցություններին։

- ՀՀ սահմանադրությունը ենթադրում է, որ ընտրությունները պետք է անցնեն համամասնական ընտրակարգով, և ամեն դեպքում ցանկացած թեկնածու ցանկացած պարագայում պետք է կուսակցությունով առաջադրվի․ կուսակցությունից անկախ անձ լինել չի կարող, առնվազն քանի դեռ Սահմանադրությամբ սահմանված է ամբողջությամբ համամասնական ընտրակարգը։ Չգիտեմ, միգուցե եկարաժամկետ առումով արժե քննարկել, որ Խորհրդարանի մի փոքր մասն այդուհանդերձ ձևավորվի մեծամասնական ընտրակարգով։ Օրինակ՝ 11 հոգի ընտրվի մեծամասնականով, ամեն մարզից՝ մեկական պատգամավոր։ Բայց պետք է հաշվի առնել, որ խորհրդարանի դերն օրենսդիր է, ոչ թե ինչ-որ կոնկրետ տեղերի խնդիրների բարձրացման հարթակ։ Իսկ օրենսդիր տեսանկյունից Հայաստանի տարածքներն առանձնապես չեն տարբերվում։ Չի կարելի ասել, որ ինչ-որ օրենքի ընդունման տեսանկյունից տավուշցիների ու սյունեցիների շահերը տարբեր են։ Մեծ պետություններում է այդպես կամ այն պետություններում, որոնք ունեն մեծ թիվ կազմող ազգային, կրոնական փոքրամասնություններ։ Հայաստանը միատարր երկիր է, և այդ միատարրության պայմաններում չեմ պատկերացնում, որ ինչ-որ օրենք քննարկվի խորհրդարանում, և օրինակ՝ Լոռիից ընտրված պատգամավորն ասի՝ ես այս օրենքին դեմ եմ, որովհետև սա լոռեցիների շահերին դեմ է, արմավիրցի պատգամավորն էլ ասի՝ կողմ եմ, որովհետև արմավիրցիների շահերից է բխում։ Նման դեպք չի եղել, և ես անգամ վերացական չեմ պատկերացնում՝ ինչ հարցի քննարկման ժամանակ կարող է այդպիսի իրավիճակ լինել։

-Իսկ ի՞նչ կարևոր խնդիրներ է լուծելու համամասնականը։

-Եթե մենք զարգացնում ենք մեր պետությունը որպես խորհրդարանական հանրապետություն, ապա այն չի կարող զարգանալ, եթե չկա կուսակցական համակարգ։ Եթե ամբողջությամբ անցում կատարվի համամասնական համակարգի, հստակ կլինի, որ A, B, C, D կուսակցություններն ընտրվել են, և իրենց վրա է ընկնում երկրի ղեկավարման պարտավորությունը։ Իրենք ընտրվում են ծրագրերով, որովհետև այլևս չունեն թաղի լավ տղաներ, այլ ունեն համապետական ծրագրեր, համապետական մակարդակի սատարում և մոտեցումներ։ Ըստ այդմ՝ զարգանում է կուսակցությունների ինստիտուտը։ Հստակ հասկանալի է լինում բոլորի համար, որ կուսակցությունն է ընտրվողը։ Բնականաբար կուսակցության հետևում մարդիկ են կանգնած, բայց ամեն դեպքում ընտրվողը, քաղաքական պատասխանատվություն կրողը, հաջողությունների ու անհաջողությունների պտուղները կրողը կուսակցությունն է։

-Նախագծի դրույթներից մեկով էլ նախատեսվում էր, որ առնվազն չորս քաղաքական ուժ պետք է անցնի Ազգային ժողով։ Պատկերացնենք մի իրավիճակ, երբ միայն երեք ուժ է հավաքել անցողիկ թվով ձայներ, իսկ մյուսները նույնիսկ 1%-ի շեմը չեն հաղթահարել։ Այս քաղաքական ուժերին ԱԺ բերելը կեղծ ժողովրդավարություն չի՞ լինի։

-Ես հակառակ կարծիքն ունեմ։ Սահմանադրությամբ սահմանված է, որ խորհրդարանը համամասնական ներկայացուցչական մարմին է, այսինքն՝ համամասնորեն պետք է ներկայացնի հանրությանը։ Եվ ենթադրենք հանրության 1%-ը ունի որոշակի X կարծիք, որն էապես տարբերվում է մնացածից, և այս մարդիկ իրենց ձայնը տալիս են ինչ-որ A քաղաքական ուժի։ Հիմա ո՞րն է տրամաբանությունը, որ այդ 1% հանրությունը Խորհրդարանում ներկայացված չլինի։ Երբ անցողիկ շեմ ենք դնում, նշանակում է, որ հանրության որոշակի մաս ներկայացված չի լինում Խորհրդարանում․ խախտվում է Խորդրդարանի համամասնական ներկայացուցչականությունը։ Կա հակափաստարկ, որ կայունության հարց կա։ Այո, եթե Խորհրդարան 60 հատ կուսակցություն մտնի, դա կարող է խնդիր լինել, բայց եթե 4 քաղաքական ուժ անցնի, դա որևէ պարագայում կայունությունը չի վտանգի։

-Այսինքն՝ կո՞ղմ եք անցողիկ շեմի վերացմանը։

-Չեմ ասի, թե կողմ եմ անցողիկ շեմի բացարձակ վերացմանը, եթե խոսում ենք Ազգային ժողովի մասին։ Ինչ-որ անցողիկ շեմ պետք է, որ կայունության վտանգման առջև չկանգնենք, բայց երբ խոսում ենք համայնքների ավագանիների մասին, ընդհանրապես անհասկանալի է անցողիկ շեմը, որովհետև համայնքի ավագանու պարագայում կայունության նպատակ չի կարող հետապնդվել։

-Արդար ընտրություններ ունենալու կարևոր նախապայմաններից է նախընտրական ծախսերի թափանցիկությունը։ Ի՞նչ խնդրահարույց հարցեր կան սրա և նախընտրական հիմնադրամների հետ կապված։

-Իրոք պետք է մաքսիմալ թափանցիկություն, դա հասկանալի է, բայց մյուս կողմից չի կարելի անել կարգավորումներ, որոնք զուտ բյուրոկրատիկ առումով կարող են այնքան դժվար լինել, որ կուսակցությունների համար դրանց իմպլեմենտացիան լուրջ գլխացավանք լինի։ Սա իրենց վրա առավել շատ զգալու են փոքր կուսակցությունները․ հաշվապահության վարման լրացուցիչ բարդություններն իրոք կարող են խնդիրներ առաջացնել նրանց համար։ Պետք է զգույշ լինել, որ չստացվի՝ մի քիչ ավելի թափանցիկություն բերելու համար այնպիսի խնդիրներ ստեղծենք փոքր կուսակցությունների համար, որ դրանք դուրս մնան մրցապայքարից։ Կամ պետք է գտնել այլընտրանքային լուծումներ, որ, օրինակ, պետությունն աջակցի կուսակցություններին վարելու այդ ամբողջ հաշվապահությունը։ Մինչև 2013թ․ ես եղել եմ «Ժառանգություն» կուսակցության անդամ, վերջինս փոքր կուսակցություն էր, և պատկերացնում եմ՝ որքան բարդ կլիներ, եթե ամենախիստ կարգավորումները լինեին այս առումով։ Պետք է գտնել ոսկե միջինը։

-Այլ խնդիրներ ևս շատ կան։ Որքան գիտեմ՝ մեկ անձը մեկ կուսակցության կամ դաշինքի կարող է փոխանցել առավելագույնը 1 մլն դրամ, սակայն․․․

-Այո, ինչ-որ ես այստեղ ասացի, վերաբերում էր ծախսերին, իսկ ինչ վերաբերում է մուտքերին, կարծում եմ առաջին բանը, որ պետք է արվի՝ պետությունը պետք է սկսի ֆինանսավորել կուսակցություններին։ Պետք է գտնել կշռադատված մեխանիզմներ, և ապահովել, որ կուսակցություններն ունենան եկամուտ։ Դրանից հետո փակել կուսակցությունների ապօրինի մուտքերի ճանապարհը՝ օլիգարխիկ ֆինանսավորման հնարավորությունը։ Այդ ճանապարհները փակելու զուտ իմպլեմենտացիոն տեսանկյունից շատ խնդիրներ կան։

Ենթադրենք՝ դնում ենք, որ ամեն քաղաքացի մաքսիմում X գումար կարող է տալ, օլիգարխն այդ գումարն ուղղակի քաղաքացիների անուններից է մուտքագրում։ Կարգավորումը որ մի քիչ խիստ լինի, կարող է գումարը տալ քաղաքացուն, ասի՝ դու տար բանկում մուտքագրի։ Այլ երկրներում հետևյալ լուծումն են գտել՝ պարզել, թե արդյոք այդ քաղաքացին օբյեկտիվորեն կարող էր վճարել այդ գումարը։ Կարելի է մտցնել եկամուտների համընդհանուր հայտարարագրում և այդպես պարզել՝ այս քաղաքացին իր եկամուտներով կարող էր սա անել, թե ոչ։ Կարելի է ամրագրել, որ եթե քաղաքացու եկամուտը նախորդ տարում կազմել է X գումար, ապա ինքը չի կարող կուսակցությանը նվիրաբերել օրինակ դրա 10%-ից ավելին։ Սակայն կան քաղաքացիներ, որոնց եկամուտը դրսում է, հիմա մենք այդ մարդկանց ասենք՝ քանի որ Հայաստանի հարկային մարմինները չեն տեսնում, որ դու գումար ես աշխատել, ուրեմն՝ չես կարող կուսակցությանը փող տալ։ Սա խնդիր է։

-Այժմ նախընտրական ծախսերի վերահսկումն իրականացնում է վերստուգիչ-վերահսկիչ ծառայությունը, որը ԿԸՀ-ի կազմում է գործում։ Այստեղ անկախության տեսանկյունից խնդիրներ չկա՞ն, և արդյոք տվյալ մարմինը բավարար լիազորություններ ու լծակներ ունի՞ վերահսկողություն իրականացնելու։

-Կարծում եմ՝ այդ վերահսկողությունը կարելի է փոխանցել նաև հարկային մարմիններին կամ ստեղծել մի առանձին մարմին, որն առհասարակ կվերահսկի կուսակցությունների ֆինանսավորումը նաև քարոզարշավի մասով։ Իսկ անկախության հետ կապված, չի կարելի ասել, որ ԿԸՀ-ն այստեղ ունի սուբյեկտիվ շահեր։ Ունի այնքանով, որքանով փոխկապակցված կարող է լինել գործադիր իշխանությանը, վերջինս էլ՝ ինչ-որ կուսակցության, ինչպես նախկինում է եղել։ Բայց այս դեպքում ի՞նչպես պիտի ապահովենք, որ այդ մարմինը գործադիրից ունենա ավելի մեծ անկախություն, քան ԿԸՀ-ից։ Եվ երբ խոսում ենք վերահսկիչ-վերստուգիչ ծառայության մասին, պետք է հաշվի առնել, որ այս պահին այդ ծառայության կարողություններն այնքան թույլ են, որ գործնականում վերահսկողություն համարյա չկա։

-Խնդրահարույց է բանակում և քրեակատարողական հիմնարկներում քվեարկության հնարավոր վերահսկողությունը։ Սա իսպառ վերացնել հնարավո՞ր է։

-Իսպառ վերացնելու մեխանիզմներ չկան գոնե ընտրական ռեֆորմի շրջանակում։ Մենք կարող ենք որոշակի լրացուցիչ անկախություն տալ ազատազրկված կամ ժամկետային ծառայություն անցնող ընտրողներին, բայց դա սահմանափակ է։ Այս մասին պետք է խոսել նաև Զինված ուժերի և քրեակատարողական հիմնարկների ռեֆորմների սահմաններում, որ եթե, օրինակ, հրամանատարը զինվորին ասի՝ այս քաղաքական ուժին քվեարկի, զինվորը ոչ միայն կարողանա ասել՝ քո ինչ գործ, թե ում եմ քվեարկում, դու այդ մասով իմ վերադասը չես, այլև հանգիստ կարողանա դիմել համապատասխան իրավապահ մարմիններին, վերջիններս էլ պատշաճ գործեն։
Իսկ Ընտրական օրենսգրքում Զինված ուժերի մասով մենք նախատեսել էինք, որ վերադաս սպան իրավունք չունի գտնվելու ընտրական տեղամասում, քանի դեռ իր ենթակա զինվորները քվեարկում են։

-Բազմաթիվ են խնդիրները ՀՀ քաղաքացի հանդիսացող, սակայն արտերկրում գտնվող անձանց վերաբերյալ։ Մի կողմից նրանց անունները շարունակում են մնալ ընտրական ցուցակներում, ինչն ապօրինի քվեարկության ռիսկեր կարող է առաջացնել, մյուս կողմից, քաղաքացիները, որոնք տվյալ պահին երկրում չեն, բայց ցանկանում են մասնակցել ընտրություններին, զրկված են այդ հնարավորությունից։

-Ինչ վերաբերում է ընտրական ցուցակներին, իդեալական մեխանիզմ չկա, որովհետև չկա որևէ տվյալների բազա ո՛չ ԱԱԾ-ում, ո՛չ Ոստիկանությունում, ո՛չ որևէ այլ մարմնում, որը 100% ճշգրտությամբ կարող է ասել՝ արդյոք տվյալ քաղաքացին ՀՀ-ում է, թե դրանից դուրս։ Բայց կան մեխանիզմներ, որոնք թույլ կտան մաքսիմալ մոտենալ դրան։ Մենք առաջարկում էինք, որ այն անձինք, որոնց անձնագրի վավերականության ժամկետն ավարտվել է, ընտրական ցուցակում չլինեն։ Սա խնդիրը կլուծեր գոնե այն մարդկանց մասով, որոնք վաղուց Հայաստանում չեն, որովհետև համարվում է, որ եթե մարդը Հայաստանում է, պետք է ունենա անձը հաստատող վավեր փաստաթուղթ, հակառակ դեպքում որևիցե գործարք չի կարող կատարել։

Ինչ վերաբերում է դրսում գտնվող ՀՀ քաղաքացիների քվեարկությանը, կա հարցի երկու կողմ՝ պրինցիպիալ և իմպլեմենտացիոն։ Առաջինը հետևյալն է՝ արդյոք այն քաղաքացիները, որոնք Հայաստանում հարկ չեն վճարում և որոնց վրա Հայաստանի իշխանությունների կայացրած որոշումները համարյա չեն ազդում, պետք է որոշեն, թե ով պետք է լինի Հայաստանում իշխանություն։

-Իսկ եթե ապրում են Հայաստանում, բայց, օրինակ, մեկ ամսով գտնվում են արտերկրում։

-Համաձայն եմ, ավելին՝ գուցե որոշ մարդկանց դեպքում էլ իրենց ուզած իշխանությունը ձևավորվի, գան Հայաստան։ Այդ խնդիրը կա։ Նաև հնարավոր չէ ճշգրիտ սահմանը գծել՝ որտեղ է, որ մարդ այստեղ է ապրում, և որտեղ է, որ համարում ենք՝ արդեն այստեղ չի ապրում։ Բայց կա նաև հարցի իմպլեմենտացիոն կողմը, որն իր հերթին տարբեր կետեր ունի։

Առաջին խնդիրը վերաբերում է կազմակերպանը։ Արդյոք քվեարկությունը պետք է լինի միայն դեսպանատներում, թե կարող է լինել նաև մշակույթի տներում։ Վլադիվաստոկում ապրող մարդուն առաջարկում ենք, որ գնա Ռոստովու՞մ քվեարկի։ Մի քիչ լուրջ չէ։ Իսկ եթե վերցնում ենք ոչ միայն դեսպանատները, ապա այդտեղ օրինականության հաստատման խնդիր կա։ Դեսպանատներից դուրս ՀՀ-ն իրավական լծակներ չունի իրավիճակի ամբողջական վերահսկման համար։

Նախկինում, երբ կար դրսում քվեարկելու հնարավորությունը, քվեարկության մեխանիզմները շատ ավելի պարզ էին, հիմա բարդացրել ենք, որ միլիոն տեսակի ընտրակեղծիքների հնարավորություն փակվի։ Տեղամասից դուրս և ընտրողների վրա ազդեցության վերահսկման խնդիր էլ կա։ Գիտենք, որ վերջին տարիներին ընտրությունները կեղծվում էին հիմնականում տեղամասից դուրս։ Հիմա երբ այլ երկրում տեղամասից դուրս ընտրողի վրա ապօրինի ներգործություն լինի, Հայաստանի իրավապահները չեն կարող դրա դեմ պայքարել։ Չասեմ էլ ավելի կոշտ սցենարներ, որ X երկրի իշխանությունները տարբեր ապօրինի լծակներով ճնշում գործադրեն, որ ՀՀ քաղաքացիները քվեարկեն այն քաղաքական ուժին, որին այդ իշխանություններն են նախընտրում, և այդ ուժն այստեղ իշխանության գա։ Քանի դեռ մենք ունենք Հայաստանի քաղաքացի հանդիսացող շատ մեծ սփյուռք ոչ ժողովրդավար երկրներում, այս ռիսկը կա։

-Անդրադառնանք ԶԼՄ-ներին։ Ռադիոյի և հեռուստատեսության վերաբերյալ, թեև ոչ լիարժեք, բայց որոշակի օրենսդրական կարգավորումներ, այնուամենայնիվ, կան։ Կարո՞ղ ենք առցանց մեդիան ևս որևէ կերպ կարգավորել։

-Շատ դժվար։ Կարգավորման երկու մեխանիզմ ունի պետությունը։ Առաջինը բլոկ անելն է։ Օրինակ՝ կա ռուսական պետական գործակալություն, որն ուղղակի արգելափակում է օրենք խախտած կայքերը։ Նման գործակալություն ստեղծելիս պետք է հարյուր հազար տոկոսով վստահ լինել, որ այն չի դառնա քննադատությունը գրաքննող, ցենզուրայի ենթարկող մարմին։ Երկրորդն այդպիսի քայլերը քրեականացնելն է, ինչն ընդհանրապես անընդունելի է։

Ըստ Relection-ի ձևաչափի՝ հարցազրույցի մասնակիցը կարող է հարց ուղղել հաջորդ փորձագետին։
Դանիել Իոաննիսյանի հարցը․

Որտե՞ղ է քարոզարշավի ֆինանսավորման արդյունավետ վերահսկման, իրական թափանցիկության և փոքր կուսակցությունների համար անհաղթահարելի խնդիրներ չստեղծելու ոսկե միջինը։

Աստղիկ Քեշիշյան

x