hetq.am: Ամերիկյան «Wells Fargo» բանկի Գլենդելի մասնաճյուղի հայազգի նախկին մենեջեր Հակոբ Զաքարյանը (Hakop Zakaryan) խոստովանել է, որ ներգրավված է եղել ԱՄՆ-ում քննվող փողերի լվացման խոշոր սխեմայում։ Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել բանկային խարդախության հոդվածով։
ԱՄՆ-ի իրավապահները փողերի լվացման այս գործը սկսել են քննել դեռևս 2016թ.-ին։ Խարդախության պատճառած վնասը կազմում է 14 մլն ԱՄՆ դոլար։ Գործարքները նոր չեն, բայց թե ինչպես է գործել սխեման, իրավապահները կարողանում են բացահայտել աստիճանաբար։
Զաքարյանը, ըստ նոր բացահայտման, եղել է այն օղակը, որը պետք է ապասառեցներ «Wells Fargo»-ի որոշ հաշիվներ՝ որպես ներսի աշխատակից։ Այն փուլում, երբ բանկի ղեկավարությունը կասկածներ է ունեցել, որ այդ հաշիվների միջոցով փողերի լվացում է կատարվում, սառեցրել է դրանք։
Իսկ Զաքարյանը, ինչպես մանրամասնել է իր խոստովանական ցուցմունքում, որոշել է օգտագործել իր պաշտոնը՝ հաշիվները արգելափակումից հանելու համար, ինչի դիմաց ստանալու էր հազարավոր դոլարներ։
Մի դրվագով Զաքարյանին 2014թ. հուլիսին վճարել են 3 հազար ԱՄՆ դոլար, որպեսզի նա ապասառեցնի շուրջ 29 հազար ԱՄՆ դոլար պարունակող մի հաշիվ։ Զաքարյանը պատմել է, որ պետք է հասներ ապասառեցմանը՝ բանկի կորուստների կանխման վարչությանը հաշիվների վերաբերյալ կեղծ տեղեկություններ տրամադրելով։
Փողերի լվացման սխեման, ըստ գործի նյութերի, աշխատել է հետևյալ կերպ։
Մեղադրյալները ձեռք են բերել (ենթադրվում է՝ գողացել են) տարբեր իրական անձնագրեր, հիմնականում՝ հայկական։ Տուժողները՝ անձնագրերի տերերը, եղել են մարդիկ, ովքեր կարող էին ԱՄՆ-ի Ներքին եկամուտների ծառայությունից (Internal Revenue Service) ստանալ հարկերի փոխհատուցում։ Այդ փոխհատուցումը ստանալու համար անձնագրերի տերերն իրենք պետք է դիմեին ծառայություն, լրացնեին համապատասխան ձևաթուղթ և ստանային տարբեր չափի գումարներ։
Նրանց փոխարեն դա արել են մեղադրայլները՝ առանց սեփականատերերի իմացության։ Նրանք փոխել են անձնագրերի նկարները՝ փակցնելով իրենցը, ապա այցելել են բանկ և բացել հաշիվներ՝ օգտագործելով տուժողների անձնական տվյալները։ Այնուհետև նրանք լրացրել են հարկային ծառայության ձևաթուղթը։ Նրանց՝ հարկային ծառայությունից պահանջած ընդհանուր գումարի չափը կազմել է 38 մլն ԱՄՆ դոլար։ Ընդհանուր առմամբ ներկայացրել են 7 հազար հատ փոխհատուցման ձևաթուղթ։
Հարկային ծառայությունը սկսել է փոխհատուցման գումարներն ուղարկել՝ ըստ ստացած հայտերի ու հաշիվների։ Իրավապահները սկսել են զբաղվել գործով, երբ պետությունն ու տուժողները արդեն կրել էին 14 մլն ԱՄՆ դոլար վնաս։
2016թ. այս գործով արդեն ձերբակալվել են Արամայիս Հայրապետյանը (Aramais Airapetian), Կոնստանտին Գալստյանը (Konstantin Galstyan), Արտաշ Ստեփանյանը (Artash Stepanyan), Սարգիս Տաբաջյանը (Sargis “Sergio” Tabadzhyan), Արման Գալստյանը (Arman Galstyan), Արմեն Խաչկալյանը (Armen Khachkalyan), Էդուարդ Աստվածատրյանը (Eduard Astvatsatryan), Հռիփսիմե Ավագյանը (Hripsime Avagyan), որոնցից յուրաքանչյուրը, ըստ մեղադրանքի, բազմաթիվ կեղծ հաշիվներ է բացել բանկում։
Փողերի լվացման հիմնական դերակատարները, գործի նյութերով, հայեր են։ 2016թ. հաղորդագրություններում կարելի է գտնել միայն երկու ոչ հայկական անուն՝ John Doe, Joe Doe, որոնք, սակայն, հետախուզվողների ցանկում էին և չէին ներկայացել իրավապահներին։
Կեղծ տվյալներով հարկային փոխհատուցում ստանալու խորդախության սխեմաները (Stolen identity refund fraud) բավականին հայտնի են Միացյալ Նահանգներում։ Հանցագործության այս տեսակը կանխելու համար ԱՄՆ-ի Ներքին եկամուտների ծառայությունը պարբերաբար տեղեկատվական հաղորդագրություններ է հրապարկում հարկ վճարողների համար։ Տվյալների կեղծմամբ փոխհատուցում ստանալը ներկայացվում է որպես աճող վտանգ թե կառավարության, թե այն հարկ վճարողների համար, ովքեր չեն կարողանում հետ ստանալ իրենց գումարները։
Հարկային ծառայությունը չի կարողանում փոխհատուցել իրական հասցեատիրոջը, ում անունից արդեն իսկ հայտ է ուղարկվել։ Բողոքի հիման վրա հարուցվում է քրեական գործ՝ վնասները հետ բերելու նպատակով։ Այս դեպքում գործի քննությունը տարիներ է տևում՝ լայնածավալ լինելու և տարբեր օղակներ ներգրաված լինելու պատճառով։