ԱՄՆ-ն 2-րդ զինվորական պատվիրակությունն է ուղարկելու Թուրքիա |ermenihaber.am|

ermenihaber.am։ Սիրիայում ստեղծվելիք անվտանգության գոտու հարցով առաջիկայում ԱՄՆ-ից ևս մեկ պատվիրակություն կմեկնի Թուրքիա։ Այդ մասին հայտարարել է Պենտագոնի խոսնակներից մայոր Շոն Ռոբերթսոնը։

«Թուրքիայում գտնվող զինվորականները ՆԱՏՕ-ի մեր դաշնակցի հետ աշխատում են։ Այդ աշխատանքներին աջակցելու նպատակով մոտ ժամանակներս Թուրքիա կմեկնին ևս մեկ զինվորական պատվիրակություն»,- ասել է մայորը։

Ամերիկացի զինվորականները Թուրքիայում քննարկելու են անվտանգության գոտու համակարգման և ղեկավարման համատեղ գործողությունների կենտրոնի ստեղծման հարցը, որի շուրջ համաձայնությունը ձեռք էր բերվել Անկարայում կայացած եռօրյա թուրք-ամերիկյան բանակցությունների ընթացքում:

Թեև թուրքական լրատվամիջոցները հայտնում էին, թե ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու հարցի շուրջ, այնուամենայնիվ, հրապարակված հայտարարության մեջ որևէ խոսք չկար անվտանգության գոտու սահմանների, ինչպես նաև Սիրիայի քուրդ զինյալերի մասին։

x