«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանի մանիպուլյացիոն պնդումները Ամուլսարի խնդրի վերաբերյալ

Երեկ հրապարակվեց Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու գործով փորձաքննության եզրակացությունը:

Փորձագիտական խմբի եզրակացության հրապարակումից 2 ժամ անց մեկնարկեց ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանի ասուլիսը: Դեռ երեկ անդրադարձել էինք  Յուրա Իվանյանի կողմից հնչեցված մանիպուլյատիվ հայտարարություններին:

Երեկոյան 1in.am-ի եթերում ևս տեղի ունեցավ Ամուլսարի հարցով քննարկում, որին մասնակցում էր նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Հայկ Գևորգյանը:

Հաղորդման ընթացքում կառավարող ուժի պատգամավոր Հայկ Գևորգյանը հանդես եկավ մի շարք մանիպուլյատիվ պնդումներով, որոնք կներկայացնենք ստորև.

Ե՞ րբ է սկսվել Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարը 

Պատգամավոր Հայկ Գևորգյանը հաղորդման ժամանակ ասում է, որ Ամուլսարի դեմ պայքարը քաղաքականացվել է 1 տարի առաջ՝ հեղափոխությունից հետո: 

«...հարցը սկսվել է 10 տարի առաջ ու բնակչությունը, բնապահպանները որևէ քայլ չեն արել: Հարցը քաղաքականացվել է 1 տարի առաջ, երբ փակվեցին հանքի ճանապարհները և թույլ չտվեցին հանքի շահագործումը: Դրանից հետո հարցը դառնում է քաղաքական, մինչև այդ բնապահպանական էր....»,- մասնավորապես նշում է պատգամավոր Հայկ Գևորգյանը:

Որպեսզի հասկանանք պարոն Գևորգյանի վերոնշյալ խոսքերի ապատեղեկատվական բնույթը, անհրաժեշտ է անդրադառնալ Ամուլսարի շուրջ ծավալված քննարկումների և գործընթացների ժամանակագրությանը:

«Լիդիան Արմենիա»-ն (նախկինում՝ «Գեոթիմ» ՓԲԸ) Ամուլսարում ոսկու հանքավայր հայտնաբերել է 2005 թվականին: Մինչև 2012 թվականը ընկերությունը զբաղվում է ներդրողների ներգրավմամբ և հանքի շահագործման նախնական ծրագրի կազմմամբ: 2012 թվականին «Լիդիան Արմենիա»-ն ՀՀ կառավարության հետ կնքում է ընդերքօգտագործման պայմանագիրը և ստանում Ամուլսարի ոսկու հանքի շահագործման թույլտվությունը: 2012 թվականից սկսած մեկնարկում է «Ջերմուկը հանք չի դառնա» նախաձեռնության ստորագրահավաքն ընդդեմ հանքի շահագործման: Նախաձեռնությունը հայտարարել էր. «Թույլ չենք տալու փչացնել Ջերմուկի եւ Ջերմուկի երիտասարդների ապագան» և մտադիր էին ստորագրությունները կցել ՀՀ նախագահին ուղղվելիք նամակին:

Նշենք, որ «Ջերմուկը հանք չի դառնա» նախաձեռնությունը ստեղծվել է դեռևս 2011 թվականին:

Այնուհետև, 2015 թ. ապրիլից սկսած, Վայոց Ձորի մարզի Գնդեվազ համայնքի բազմաթիվ քաղաքացիներ և բնապահպանական հասարակական կազմակերպություններ դատական հայց են ներկայացրել ՀՀ բնապահանության նախարարության (այժմ՝ Շրջակա միջավայրի նախարարություն), ինչպես նաև ՀՀ կառավարության այլ գերատեսչությունների դեմ՝  վիճարկելով Ամուլսարի հանքավայրի շահագործման հիմք հանդիսացող փաստաթղթերը: Մասնավորապես, վիճարկվում է ՀՀ բնապահպանության նախարարի կողմից հաստատված՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացությունը և որպես հետևանք՝ Ամուլսարի շահագործման համար հիմք ծառայող թույլտվությունները:

Ինչպես տեսնում ենք, բնակիչների և բնապահպանների պայքարը սկսել է դեռևս 2011 թվականից, նոր թափ է հավաքել 2012 թվականին, քանի որ  «Լիդիան Արմենիա»-ի և կառավարության միջև պայմանագիրը, որով թույլատրվում է հանքը շահագործել, ստորագրվել է հենց նույն թվականին: 

Բնակիչների բողոքների բովանդակությունից և հասցեատերերից ակնհայտ է, որ պայքարը քաղաքական է եղել դեռևս այն ժամանակվանից, քանի որ բողոքի հասցեատերերը պետական իրավասու մարմիններն են: Բողոքի օբյեկտը շահագործման համար հիմք ծառայող թույլտվություններն են, որոնք տրվել են պետական մարմինների կողմից, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է 2018-ից առաջ տեղի ունեցած ընդվզումների քաղաքական լինելը»։

Հետևաբար, Հայկ Գևորգյանի պնդումներն այն մասին, թե նախկինում Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքար չի եղել և հարցը քաղաքական բնույթ չի կրել ապատեղեկատվություն  են և իրականությունից կտրված:

Ոչ տեղին համեմատություն Քաջարանի և Ջերմուկի միջև

ԱԺ պատգամավոր Հայկ Գևորգյանը հաղորդման ընթացքում հանդես է գալիս այն հարցադրմամբ, թե ինչու նմանատիպ ընդվզում չկա այլ հանքերի շահագործման դեմ: Համեմատություն է անցկացնում Քաջարան քաղաքի Պղնձամոլիբդենային կոմբինատի հետ

«...ինչու՞ Ամուլսարի նկատմամբ կա էդ ընդվզումը ու էդ ընդվզումը չկա, օրինակ, Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի նկատմամբ, որն իր տեխնոլոգիական մասով կարող է դասվել աշխարհի ամենակեղտոտ հանքերից մեկը, դա սարսափելի հանքա էկոլոգիական իմաստով»,- մասնավորապես նշում է պարոն Գևորգյանը:

Այս համեմատականը քննարկելիս կարևոր է դիտարկել այն հանգամանքը, որ Քաջարան քաղաքը նախնական շրջանում եղել է գյուղ: Պղձամոլիբդենային տնտեսության հիմքերի վրա է ձևավորվել Քաջարան քաղաքի բնակչությունը և հանքարդյունաբերական տնտեսական մոդելը: Վերջինիս շնորհիվ էլ Քաջարանը ի սկզբանե ձևավորվել է որպես արդյունաբերական քաղաք:

Ինչ վերաբերում է Ջերմուկ համայնքին, ապա այն շուրջ 70 տարի է ինչ գործում է առողջարանային և էկոտուրիզմի ուղղություններով: Այսինքն բնակիչներն իրենց առօրյան ձևավորում են բացառապես էկո տնտեսական մոդելի հիման վրա: Հանքի շահագործման դեպքում համայնքի տնտեսական մոդելը հիմնարար փոփոխության է ենթարկվելու և կորցնելու ենք կարևոր առողջարանային համալիրներն ու էկոտուրիզմի զարգացման կենտրոնը:

Հետևաբար, Հայկ Գևորգյանի կողմից ներկայացված այս համեմատականը ոչ տեղին է, քանի որ գործ ունենք տնտեսական կյանքի ձևավորման տարբեր մոդելների հետ:

Միջազգային արբիտրաժն ու ֆինանսական բեռը

Հաղորդման ընթացքում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը  պնդում է, որ «Լիդիան Արմենիա»-ի կողմից միջազգային արբիտրաժային դատարան դիմելու դեպքում հավանականությունը մեծ է, որ կպարտվենք և կպարտավորվենք 700 մլն դոլար վճարել «Լիդիան Արմենիա» ընկերությանը: Հատկանշական է, որ «Լիդիան Արմենիա»-ի՝ արբիտրաժային դատարան դիմելու դեպքում սպասվող հետևանքների և ֆինանսական կորուստների վերաբերյալ մինչ այժմ չի հնչեցվել որևէ իրավական, փորձագիտական և մասնագիտական գնահատական:

Ինֆոքոմը փորձեց կապ հաստատել Հայկ Գևորգյանի հետ՝ հասկանալու համար, թե որտեղից է պատգամավորի տեղեկատվությունը՝ արբիտրաժում պարտվելու հավանականության և վճարվող գումարի չափի վերաբերյալ, սակայն պարոն Գևորգյանը չպատասխանեց մեր զանգերին:

Այսպիսով, հաղորդման ընթացքում պատգամավորի կողմից արված դիտարկումներից երկուսը պարունակում էին ապատեղեկատվություն կամ մանիպուլյատիվ էին, իսկ վերջին դեպքում անհայտ են պնդման փաստական հիմքերը։

Արփի Ավետիսյան

x