ՀՀ-ն աջակցում է Կայուն զարգացման նպատակադրումների հետ որակյալ կրթության փոխկապակցվածության ամրացմանը

Երևանում մեկնարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի վիճակագրական ինստիտուտի (UIS) Ուսուցման մոնիթորինգի համաշխարհային դաշինքի (GAML) և «Կայուն զարգացման նպատակ 4-Կրթություն 2030»-ի ցուցանիշների մշակման Տեխնիկական համագործակցության խմբի (TCG) վեցերորդ հանդիպումը, որին մասնակցել է աշխատանքային խմբերի անդամ պետությունների և կազմակերպությունների մոտ 80 ներկայացուցիչ:

Ինչպես հայտնեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, միջոցառումը կազմակերպել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի վիճակագրական ինստիտուտի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյանի գրասենյակի հետ համագործակցությամբ:
Միջոցառման մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ Հայաստանը հպարտորեն մաս է կազմում և աջակցում այնպիսիմասշտաբային և հեռանկարային նախաձեռնության,ինչպիսին «Կայուն զարգացման օրակարգ 2030»-ն է:

«Կարևորելով ինչպես կրթության ոլորտի ներառականության, հավասար մատչելիության, որակի բարելավման և շարունակական կրթության հնարավորությունների ապահովման անհրաժեշտությունը, այնպես էլ Կայուն զարգացման մյուս 16 նպատակադրումների հետ որակյալ կրթության փոխկապակցվածության ամրացումն ու ընդլայնումը, մենք հավատում ենք, որ, այո, միասին կարող ենք հասնել ավելիին: Հայաստանում կրթությունն ավանդաբար մեծ արժեք ունի. դարեր շարունակ կրթությունն է եղել ազգային ինքնության պահպանման հիմնական գործոններից մեկը»,-նշել է նախարարը՝ հավելելով, որ այժմ Հայաստանը թևակոխել է զարգացման նոր փուլ։

Նախարարի խոսքով, Կայուն զարգացման նպատակների ազգայնացման գործընթացին զուգահեռ նախարարության օրակարգային խնդիր է մոնիթորինգի համակարգի զարգացումը՝ փաստերի վրա հիմնված քաղաքականության մշակման և միջազգային զարգացումներին համաքայլ ընթանալու համար:

Այս տեսանկյունից «Կրթության մոնիթորինգի միջազգային ալյանսի» և «Կայում զարգացման 4-րդ նպատակի տեխնիկական համագործակցության խմբի» հերթական 6-րդ հանդիպումների անցկացումը Երևանում կնպաստի համակարգի զարգացմանն ու միջազգային համագործակցության ընդլայնմանը:

Նշենք, որ աշխատանքային խմբերը ձևավորվել են 2016 թվականին` ուղղորդելու երկրներին Կայուն զարգացման 4-րդ նպատակադրման (որակյալ կրթություն) թիրախների առաջընթացի մշտադիտարկման գործընթացում, ինչպես նաև ապահովելու բաց հարթակ՝ «Կրթություն 2030 օրակարգ»-ի մոնիթորինգի համար անհրաժեշտ կրթական ցուցանիշների քննարկման և մշակման համար:

TCG-ի 6-րդ հանդիպմանը նախատեսվում է անդրադառնալ հետևյալ հարցերին՝

  • կրթության լրացուցիչ ցուցանիշների ներառման վերաբերյալ քննարկումներ,

  • միջազգայնորեն համադրելի ցուցանիշների մշակման, հաշվետվողականության և բենչմարքինքի վերաբերյալ քննարկումներ,

  • խոչընդոտների վերհանում, որոնց տարբեր երկրներ բախվում են ԿԶՆ-4 ցուցանիշների հաշվարկման համար անհրաժեշտ տվյալների հավաքագրման և հաշվետվողականության գործընթացներում,

  • ցուցանիշների հաշվարկման մեթոդաբանության վերանայում և հաստատում,

  • 2020 թվականին հրապարակվելիք ցուցանիշների վերանայում և վերջնական ցանկի հաստատում,

  • տվյալների հավաքագրման, ստուգման և փոխանակման հետ կապված խնդիրների հստակեցում:

Հանդիպումները կշարունակվեն մինչև օգոստոսի 30-ը:

x