tert.am: Իրանի իշխանություններն ազատ են արձակել ռուս լրագրող Յուլյա Յուզիկին, որը ձերբակալվել էր Իրանում հոկտեմբերի սկզբին: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
«ՌԴ արտգործնախարարության և Թեհրանում Ռուսաստանի դեսպանատան համատեղ ջանքերի շնորհիվ իրանական կողմը որոշել է Ռուսաստանի քաղաքացի Յուլյա Յուզիկին ազատ արձակել: Հոկտեմբերի 10-ի վաղ առավոտյան լրագրողն Իրանից մեկնել է Մոսկվա»,-ասված է ռուսական դիվանագիտական ծառայության հայտարարության մեջ:
Թեհրանում ՌԴ դեսպանատան մամուլի պատասխանատուն հավելել է, որ Յուզիկն իրեն նորմալ է զգում:
Մոսկվայի օդանավակայանում ռուս լրագրողին սպասել են նրա գործընկերները տարբեր հեռուստաընկերություններից և լրատվամիջոցներից:
Յուլյա Յուզիկը Թեհրան էր մեկնել սեպտեմբերի 29-ին՝ մասնավոր հրավերով: Օդանավակայանում անհայտ պատճառով նրանից վերցրել էին անձնագիրը, իսկ հոկտեմբերի 2-ին հյուրանոցում ձերբակալել էին նրան: Դեսպանատան ներկայացուցիչը նշել է նաև, որ լրագրողը տեղյակ չի պահել դեսպանատանը ո՛չ հնարավոր խնդիրների, ո՛չ էլ անձնագիրը վերցնելու մասին, չնայած որ նրա հարազատները խոսել էին հնարավոր խնդիրների մասին:
Հարազատների խոսքերով՝ Յուզիկին մեղադրել էին Իսրայելի օգտին լրտեսության համար, սակայն ինչպես երկուշաբթի՝ հոկտեմբերի 7-ին հայտարարել էր Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբին, ռուս լրագրողը կապ չունի լրտեսության հետ, պարզապես նրա մոտ առկա էին խնդիրներ՝ վիզայի հետ կապված: