«Աշտարակ կաթը» խանութներից պահանջում է վճարել արդեն իսկ վճարված ապրանքների համար․ գործարար

tert.am «Աշտարակ կաթ»-ի սնանկ ճանաչված կառավարիչները հայցադիմումներ են ներկայացնում դատարաններ` մոտավորապես 2500 տնտեսվարող սուբյեկտների դեմ և պահանջում արդեն վճարված ապրանքի համար նորից վճարել: Այս մասին այսօր կառավարության շենքի դիմաց հայտնել են գործարարները:

««Աշտարակ կաթ»-ում եղել է կանխիկ աշխատելու եղանակ, որտեղ խանութպանները վճարել են առաքիչներին, առաքիչները գումարը հանձնել են դրամարկղերին: Հիմա առաքիչները հաստատում են, որ խանութներից գումար են գանձել և հանձնել «Աշտարակ կաթ»-ի կասսա, սակայն ոչ մի տեղ չի երևում, որ խանութպանները այդ գումարը վճարել են: Դա կանխամտածված խարդախություն է եղել: «Աշտարակ կաթ»-ի նախկին գլխավոր հաշվապահի ցուցմունքը կա, որտեղ հաստատվում է, որ խանութները առաքիչներին վճարել են: Հիմա «Աշտարակ կաթ»-ը դիմել է դատարան՝ ասելով, որ այն գումարները, որոնք վճարել են խանութները, նորից պետք է վճարվեն»,-ասաց գործարարներից Կարեն Հովհաննիսյանը և նշեց, որ ստացվում է՝ «Աշտարակ կաթը» ցանկանում է նորից վճարեն արդեն վճարված գումարները:

Այսպիսով՝ գործարարները պահանջում են նոր կառավարությունից, որ շատ արագ հարցին լուծում տրվի: «Պահանջում ենք, որ հարցը լինի անմիջապես կառավարության ուշադրության տակ: Կառավարությունը ծրագրեր է առաջ քաշում նոր աշխատատեղերի հետ կապված: Այսօր 2500 աշխատատեղ չի կարողանում պահել: Ի՞նչ երաշխիք ունենա ժողովուրդը, որ հետագայում աշխատատեղ է ստեղծվելու, եթե ներկայիս եղածը չեք կարողանում պահել»,- նշեց գործարարը:

Կարեն Հովհաննիսյանն ասաց, որ կառավարությունը չի կարողանում հստակ ինֆորմացիա տալ, թե գործը ինչ փուլում է: «Պարտքը 2 միլիարդի շեմն անցում է: Խանութպանները բազմաթիվ անգամ պահանջել են այն չեկերը, որ պիտի տային՝ գումարը կասսա տալուց հետո: Առաքիչները պատճառաբանել են, որ մենք չեկերով չենք աշխատում, մենք կրիչներով ենք աշխատում»,- ասաց գործարարը:

Նա նշեց, որ գործը քնած վիճակում է և իրենց պատասխանում են, որ նոր հանգամանքներ պետք է պարզվեն:

x